Սոֆի Լորենն իր ինքնակենսագրական գրքում պատմել է Քերի Գրանտի հետ սիրավեպի մասին
Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել են Սոֆի Լորենի հուշագրությունների մասին, որոնք լույս կտեսնեն մի քանի շաբաթից։ Ինքնակենսագրության առաջին հատորում դերասանուհին կբացահայտի ինտիմ մանրամասներ իր գործընկեր, հայտնի դերասան Քերի Գրանտի հետ սիրավեպի մասին, որը եղել է 1957-ին, գրում է rosbalt.ru-ն։
80-ամյա Լորենը պատմում է, որ Գրանտը, ով 30 տարով իրենից մեծ է եղել և ամուսնացած եղել 3-րդ անգամ, խնդրել է դերասանուհուն ամուսնանալ իր հետ, երբ իրենք միասին նկարահանվել են «Հպարտություն և կիրք» արկածային ֆիլմում, յուրաքանչյուր օր նրան ծաղկեփնջեր է ուղարկել և գրել, որ նա «կլինի իր աղոթքներում»։
Այդ ժամանակ Սոֆին պատրաստվում էր ամուսնանալ ֆիլմի պրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ և կանգնած էր ընտրության առաջ, որը պետք է որոշեր նրա անձնական կյանքը և կարիերան։ Արդյունքում Սոֆին ընտրում է Պոնտիին, ով վերածում է նրան Սոֆի Լորենի, դառնում նրա ամուսինը և աջակիցը՝ ստիպելով լրջորեն զբաղվել բեմական արվեստով և ինքնակրթությամբ։
Բացի Գրանտի հետ սիրավեպից, «Երեկ. Այսօր. Վաղը» անվանումով գրքում դերասանուհին պատմում է դեռահասության տարիքի մասին՝ դժվարությունների, որոնք կրել է երիտասարդ, անհայտ աղջիկը, ով ուտելիք է խնդրել ամերիկացի զինվորներից։
