Սպանության համար զղջում եմ, բայց լրիվ պատահական է ստացվել. ամբաստանյալ
Երեք-չորս տարվա ծանոթի սպանության գործով այսօր ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Արմեն Յավրումյանը: Նա հայտարարեց, որ սպանության համար ինքը զղջում է, բայց «լրիվ պատահական է ստացվել»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ոչ թե հարբած է եղել, այլ խմիչք օգտագործած, իսկ տուժողը հարբած էր, իսկ երբ նա հարբում էր, անկառավարելի էր դառնում: Տուժողի կողմից հնչել են անհասցե, ապա նաև իրեն ուղղված հայհոյանքներ, նա մի քանի անգամ փորձել է նրան կարգի հրավիրել, իսկ երբ դա իր մոտ չի ստացվել, պահանջել է, որ տուժողը հեռանա իր տնից: Վերջինս, սակայն, չէր հեռանում, այլ իրեն դեպի ներս էր բրդում, ինքը վախեցնելու համար շրջվել ու սեղանից վերցրել է դանակը, այդ պահին տուժողն առաջ է եկել և հանդիպել դանակին: Երբ տուժողն ընկել է, իրեն թվացել է, որ խմիչքից է վատացել, որովհետև տուժողի վրա արյուն չի եղել, գոռացել է, որ հարևանները շտապօգնություն կանչեն, իսկ երբ իմացել է, որ տուժողը մահացել է, կամաց հեռացել է շենքից:
Մեղադրող Էդգար Պետրոսյանի այն հարցին, թե ինչպես է կարողացել պատահական տուժողի սրտին վնասվածք հասցնել այն դեպքում, որ տուժողն իրենից ավելի բարձրահասակ էր, ամբաստանյալը պատասխանեց. «Նա կորացած էր առաջ գալիս»: Ամբաստանյալը պնդեց, որ դեպքը տեղի է ունեցել տանը և ոչ թե աստիճանավանդակին, եթե տուժողը դուրս եկած լիներ իր տնից, ինքը պարզապես կփակեր դուռը ու սենյակ կմտներ:
Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա էին հակասություններ, այդ պատճառով վերջիններս հրապարակվեցին: Թեև դատարանում ամբաստանյալը չնշեց, թե կոնկրետ ինչ գործողություն է արել դանակով, սակայն նախաքննության ցուցմունքում նա հայտնել էր, որ «մի անգամ հարվածել եմ դոշին» և որ «դոշի մասն արյունոտ էր»:
Մեղադրողն իր ճառում հիմնավորված համարեց մեղադրանքն, ըստ որի 2014թ. դեկտեմբերի 1-ին ժամը առավոտյան 9-ի սահմաններում ամբաստանյալը փողոցում հանդիպել է տուժողին, միասին գնացել են Յավրումյանի բնակարան, որտեղ միասին ոգելից խմիչք են օգտագործել: Ժամը 13-ի սահմաններում կենցաղային վեճ է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, այն շարունակվել է բնակարանի մուտքի դիմաց շքամուտքում: Ապա Յավրումյանը, ըստ մեղադրական եզրակացության, նորից մտել է բնակարան, վերցրել սեղանին դրված խոհանոցային դանակը և կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տուժողի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին ու սպանել նրան:
մանրամասները՝pastinfo.am-ում:
