Սպանության մեջ մեղադրվող անչափահասը նորից ժխտեց մեղադրանքը
Փաստինֆոն գրում է. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր կհրապարակի Երևանի Տերյան փողոցում ուսանողի սպանության գործով դատական ակտը:
Քիչ առաջ անչափահաս ամբաստանյալ Հայկ Աղամալյանն ու մեղսագրվող արարքի պահին անչափահաս եղած Դավիթ Մանուկյանը հանդես եկան վերջին խոսքով:
Սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Հայկ Աղամալյանը պնդեց, որ ինքը մեղադրվում է մի արարքի համար, որը չի կատարել:
Նա հայտարարեց, որ լի է վճռականությամբ՝ մինչև վերջ պայքարել իրականությունը պարզելու համար: Անչափահասը նշեց, որ ո՛չ մեղադրանքի կողմը, ո՛չ դատարանը չցանկացան հավատալ իրեն, իր հայտարարությանը, որ ինքը չի սպանել Տիգրան Հայրապետյանին, ինքը հարվածել է այլ անձի, ոչ տուժողին:
Անչափահասը, դիմելով դատարանին, պահանջեց լսելի դարձնել նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը և իր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող վկայի ցուցմունքի հիման վրա իրեն չդատապարտել՝ այլ անձի կատարած արարքի համար:
Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը, ով մեղադրվում է հանցագործության գործիք դանակը պարտակելու մեջ, նշեց, որ ինքը հայտնել է տուժողի հարազատներին իր ցավակցությունը: Նա ևս գտավ, որ անհրաժեշտ է պարզել գործի հանգամանքները, գտնել իրական մեղավորներին:
Ամբաստանյալը հայտարարեց, որ հիշատակված վկայի ցուցմունքը չի կարող արժանահավատ համարվել՝ ամբաստանյալի հետ թշնամանքի հիմքով:
Նա խնդրեց կարճել իր դեմ գործն ու քրեական հետապնդումը դադարեցնել կամ կայացնել արդարացման դատավճիռ: «Ինձ հնարավորություն տվեք ծառայել ՀՀ զինված ուժերում և պաշտպանել Հայրենիքը»,- ասաց նա:
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը, մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ, բռնություն գործադրելով, կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:
Իսկ Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, «բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ, կատարել է առանձնապես ծանր հացագործության կատարման գործիք հանդիսացող դանակի և հետքերի՝ նախապես չորացված, պարտակում»:
