«Սպառազինության մեծածավալ գնումները խաղաղության գլխավոր երաշխիքն են». Հայկ Խանումյան
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կողմից սպառազինության մեծածավալ գնումները խաղաղության գլխավոր երաշխիքն են: Հակաօդային պաշտպանության, հակատանկային միջոցների, բազմաֆունկցիոնալ ավիացիայի, հարձակողական զենքերի առկայությունը նշանակում է, որ պատերազմը հետաձգում ենք մի քանի տասնամյակով: Սակայն միայն արտաքին թշնամուն չեզոքացնելով չենք կարող Արցախի զարգացումն ապահովել, եթե չչեզոքացնենք ներքին թշնամուն` համակարգային կոռուպցիան (Արցախում առավել հայտնի թալան անունով): Սրա մեջ հասկացեք թե՛ պետական միջոցների վատնումը, թե՛ պետական միջոցների գողությունը, թե՛ բիզնեսի և իշխանության սերտաճումը, թե՛ տարբեր ոլորտների մենաշնորհները, թե՛ հովանավորչությունը: Եթե սպառազինության գնումը մեծապես կախված է Հայաստանի կառավարության ջանքերից, ապա Արցախում ներքին թշնամուն հաղթելը միմիայն կախված է մեզնից` Արցախում բնակվողներիցս: Հետևաբար, պետք է ձևակերպենք համակարգային կոռուպցիան ոչնչացնելու մեր ցանկությունը, հավատանք դրան և գործենք այդ ուղղությամբ»: