Սպիրտ խմելն արգելելը դարձել է դանակահարության պատճառ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Դավիթ Խաչատրյանի առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում պարզվել են կատարված հանցագործության դրդապատճառները, բոլոր հանգամանքները։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Արշավիր Կարապետյանը 2014 թվականի հունիսի սկզբներին Վանաձոր քաղաքում ծանոթացել է գործով տուժող Դավիթ Խաչատրյանի հետ, և վերջինս Ա.Կարապետյանի առաջարկով մի քանի օր բնակվել է նրա տանը:
2014 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ա.Կարապետյանին է այցելել նրա ընկերը՝ Գ.Ղալեչյանը, որդու հետ միասին, որտեղ Դավիթ Խաչատրյանի հետ ալկոհոլ են օգտագործել:
Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նրանք գնացել են Վանաձոր քաղաքի արհեստական լճերի տարածք՝ լողալու: Քննության տվյալներով՝ լողափին ևս Ա. Կարապետյանն ու Գ.Ղալեչյանը գարեջուր են խմել: Այնուհետև Ա.Կարապետյանն ալկոհոլ օգտագործած վիճակում Դ.Խաչատրյանին մեկ անգամ անհիմն ապտակել է, որից հետո վերջինս հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Դավիթ Խաչատրյանը գնացել է Ա. Կարապետյանի տուն և տեսել, որ նա ննջասենյակում հյութի բաժակով սպիրտ է խմում, հանդիմանել է նրան՝ առանց սննդի ալկոհոլ օգտագործելու համար, ապա ձեռքից վերցնելով բաժակը` ասել է, որ սպիրտ խմելու դեպքում «կմեռնես»։ Նույն պահին Ա.Կարապետյանը, սպիրտ խմելն արգելելու պատճառով, ննջասենյակում գտնվող սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը, դիտավորությամբ երեք անգամ հարվածել է Դավիթ Խաչատրյանի կրծքավանդակի առաջային մակերեսի, աջ հոնքի և ձախ ազդրի շրջանում։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածների հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած՝ կողերի, դիաֆրագմային, լյարդի վնասումով թափանցող վերքի, ձախ ազդրի, աջ հոնքի ծակած-կտրած վերքերի տեսքով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի նոյեմբերի 12-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադարական եզրակացությունը հասատատելու և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:
