Սպիտակի քաղաքապետի թեկնածուն վերսկսել է քարոզարշավը (Տեսանյութ)
Սպիտակում ապրիլի 17-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց Սպիտակի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը: Նա հայտնեց, որ իր նախընտրական շտապի քարոզչական աշխատանքն ապրիլի 1-ից դադարեցվել էր` հաշվի առնելով սահմանային իրավիճակը, իսկ ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո քարոզարշավը մեկնարկել է Սպիտակի բոլոր թաղամասերում եւ ուսումնական հաստատություններում: «2002-08թթ. ես եղել եմ քաղաքապետ եւ իմ կատարած աշխատանքը ժողովրդի աչքի առաջ է: Շնորհակալություն եմ հայտնում մարզպետ Արթուր Նալբանդյանին` ազատ մրցակցային դաշտ ձեւավորելու համար: Իմ հույսը ժողովրդի վրա է: Ես ընտրվել եմ նույն ազատ դաշտում եւ ստացել ժողովրդի քվեն: Հույս ունեմ, որ հիմա էլ կստանամ: Միայն թույլ մարդը կարող է հայտարարել, որ այս կամ այն մարդն իր կողքին է: Ի՞նչ կապ ունի` ով է թեկնածուի կողքին կանգնած. Սպիտակցին ինքն է ընտրում:Գնահատողը ժողովուրդն է: Ես ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտել»,-ասաց Վանիկ Ասատրյանը:
Լրագրողի այն հարցին էլ, թե իրականում Սպիտակի քաղաքապետի ընտրություններում, ստեղծվա՞ծ է ազատ մրցակցային դաշտ, թե ոչ, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Անկեղծ պետք է խոստովանեմ, որ ե'ւ մեր ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արկադի Համբարձումյանի ե՛ւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհիվ, այո ստեղծված են առողջ ու նպաստավոր պայմաններ՝ ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու համար: Ես նրանցից շատ շնորհակալ եմ: Ե՛ւ Արկադի Համբարձումյանը, ե՛ւ թե մեր մարզպետ Արթուր Նալբանդյանը, հավատացած եղեք, մեր ընտրատարածքի համար լուրջ գործեր են անում, եւ դա միայն պետք է գնահատել»:
Առավել մանրամասն՝ aravot.am-ի տեսանյութում:
