Սփյուռքի նախարարն ամփոփել է առաջին աշխատանքային օրը
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիտեմ` շատերն արդեն քնած են, բայց խոստացել եմ հակիրճ ամփոփել առաջին աշխատանքային օրս: Եվ ուրեմն`
Նախ, առավոտյան հանդիպեցի ու ծանոթացա լրագրողների հետ, և միասին այցելեցինք իմ աշխատավայր:
Անցկացվեց Սփյուռքի նախարարության առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Իրենց դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեցին ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավարը և 2 խորհրդականներ:
Բոլորին հայտնի պատշգամբում հանդիպեցի իմ հարևան` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. այս անգամ գործերից չխոսեցինք:
Կեսօրին հարցազրույց տվեցի ՍիվիլՆեթին` անգլիախոս լսարանի համար:
Որոշ «չգրված կանոնների» շուրջ խիստ ցուցումներ տվեցի. մեր նախարարությունում անձի պաշտամունքը մերժվում է:
Առանձին խորհրդակցություններ ունեցա փոխնախարարների, որոշ վարչության պետերի հետ:
Ողջ օրվա ընթացքում նախարարության հետագա գործունեության, ծրագրերի, տեսլականի շուրջ զրույցներ ունեցա մի շարք քաղաքացիների հետ:
Դե իսկ աշխատանքային ժամի ավարտից հետո` 19:00-22:30-ը, ՆՓԱԿ-ում մասնակցեցի Սփյուռքի նախարարության անհրաժեշտության շուրջ չափազանց օգտակար քննարկմանը, որն նախաձեռնել էր «Հոդված 3» ակումբը. արդյունքները շատ հուսադրող էին»:
