Ստիպում էին սեռական հարաբերության մեջ մտնել այն թուրք տղամարդկանց հետ, ովքեր ընտրում էին ինձ...
Թրաֆիքինգի զոհ դարձած Մ. Հ-ն (անունը փոխված է) Fnews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ի՞նչպես է հայտնվել հանցավոր խմբի ուշադրության կենտրոնում, ի՞նչպես է սեռական շահագորման ենթարկվել հայ թրաֆիքյորների թեթեւ ձեռքով եւ վերջապես ի՞նչպես է վերջինիս հաջողվել վերադառնալ սպիտակ ստրկությունից՝ազատվելով թրաֆիքյորների ճանկերից:
«Ապրում էին ժամանակավոր կացարանում, չունեի աշխատանք, սրա-նրա տանը տնային գործեր անելով հազիվ օրվա հացիս գումարն էի վաստակում: Մի գեղեցիկ օր էլ ծանոթներիցս մեկի տանը նստած էի, ասեցի՝ մի լավ գործ լիներ հիմնական աշխատեի, սրա-նրա հույսին չմնայի: Էդ խոսակցությանը ներկա էր նաեւ ծանոթիս տանը հյուրընկալած Կարինեն, ով սկզբում ոչինչ չասաց: Շատ ջերմ զրուցում էր, սկսեց հետաքրքրվել ինչ գործեր կարող եմ անել, ես էլ ասեցի, որ ամեն բան կարող եմ անել` սկսած հավաքարարի գործից մինչեւ տուն մաքրող ու երեխա պահող: Ասեց, որ հնարավոր է ինքը ինձ օգնի աշխատանք գտնելու հարցում, ուրախացա շատ: Վերցրեց կոնտակտային համարներս ու էդպես բաժանվեցինք: Որոշ ժամանակ անց Նարինեն զանգեց ինձ եւ ասաց, որ խոսելու բան ունի, բայց լավ կլինի, որ մեր տանը հանդիպենք առանձին զրուցենք: Եկավ մեր տուն ու առաջարկեց, որ իր հետ գնամ Թուրքիա երեխա պահելու համար, ասեց ամսական հինգ հարյուր դոլար կստանաս, հետո, որ ազատ օրեր ունենաս կարամ մի ուրիշ զբաղմունք էլ գտնեմ կողքից գումար աշխատեմ: Ես իրան ասեցի, բայց ես ոնց եմ էնտեղ երեխա պահելու, որ թուրքեր են խոսել չգիտեմ: Ասեց հայկական ընտանիք է, ուզում են, որ իրենց երեխան հայ դայակ ունենա: Մի խոսքով երկար ժամանակ պահանջվեց մինչեւ ինքը ինձ համոզեց, բայց ի վերջո նրա հետ գնացի Թուրքիա: Առաջին մեկ շաբաթը ամեն բան շատ լավ էր, իրոք ինձ տարան մի տուն, որտեղ փոքրիկ երեխա կար ու նրա հետ սկսեցի զբաղվել: Բայց, խոստացված աշխատանքը տեւեց ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո սկսվեց այն դժոխքը, որի միջով անցա մոտ 6 ամիս», վերապրելով իր կյանքի դառը պատմությունը հիշեց զրուցակիցս ու շարունակեց.
«Բավական չէ, որ այդ ընթացքում կորցրեցի դայակի աշխատանքը, քանի որ այդ ընտանիքը հայտնվեց սոցիալական ծանր վիճակի մեջ, մի բան էլ ես պետք է աշխատեի ու նրանց օգնեի, որ դուրս գան այդ վիճակից, քանի որ այդպես էր թելադրում ինձ Թուրքիա տարած այդ կինը: Մի օր էլ երեկոյան կողմ տան տերը ինձ իր մեքենայով տարավ Անթալիայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկը, որտեղ ակումբի տերերը մեզ արդեն սպասում էին: Չգիտեմ ինչ թուրքեն լեզվով խոսեցին, ինչից հետո ակումբի տիրուհին ասաց, որ քանի որ նորեկ եմ նստեմ մուտքի մոտ եւ եթե ակումբի հաճախորդներից մեկի սրտով լինեմ, ինձ հրավիրեն իրենց սեղանին առանց այլեւայլությունների գնամ իրենց հետ ժամանակ անցկացնեմ: Տան տիրոջը` Նելլիի ամուսնուն, ասացի, որ չեմ ցանկանում մարմնավաճառությամբ զբաղվել, ինքն էլ թե ինչ մարմնավաճառություն, ուղղակի պետք է հաճախորդներին գրավեմ, որ դառնան ակումբի մշտական այցելուները եւ, որ ամեն մի հաճախորդ բերելու համար ինձ համար ակումբի տերերը գումար կտան, ու վերջ: Բայց, հավատացեք, որ իսկապես չէի պատկերացնում, որ հայը կարող է իր ձեռքով հանձնի իր ազգակցին թուրքի ձեռքը: Այնտեղ բազմաթիվ հայ եւ օտարերկյա աղջիկներ էին, դրանցից ոմանց ընտրում էին թուրք տղամարդիկ եւ գնում առանձնանում սկզբում սեղանների շուրջ, հետո սենյակներում, որի համար հավելյալ վճարում էին: Ու էնտեղ, շահագործելը մեղմ է ասած, ինձ ստիպում էին սեռական հարաբերության մեջ մտնել այն թուրք տղամարդկանց հետ, ովքեր ընտրում էին ինձ: Մենք թրաֆիքյորների համար ոչ թե մարդ էինք, այլ իր, որոնց ինչպես խանութում դրված իրերին ընտրում եւ առնում, այնպես էլ մեզ էին վերաբերում:Էդ ամենը հիշելը ուղղակի ահավոր է:Այնպես, որ պետք է միշտ զգուշանաս, ուշադիր լինես ցանկացածի հետ գործի մեջ մտնելուց առաջ, եւ ամենակարեւորը՝ իմանաս քո իրավուքնների մասին»-իր խոսքը այսպես ավարտեց թաֆիքինգի զոհ դարձած Մ.Հ-ն :
Տաթեւիկ Աբրահամյան
