Ստրասբուրգում կկազմակերպվի հայկական գինու եւ կոնյակի ներկայացում եւ համտես
Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 29-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվելու է «Հայկական խաղողի հմայքը» խորագրով միջոցառում, որտեղ իրականացվելու է խաղողից պատրաստված տարբեր արտադրատեսակների, խմիչքների, ճաշատեսակների ներկայացում եւ հյուրասիրություն: Բացի այդ, հոկտեմբերի 30-ին, Ստրասբուրգի Առեւտրաարդյունաբերական պալատում կկազմակերպվի հայկական գինու եւ կոնյակի ներկայացում եւ համտես: «Հայկական խաղողի հմայքը» միջոցառման անցկացման նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես խաղողագործության եւ գինեգործության հազարամյակների ավանդույթներ ունեցող երկիր՝ իր պատմությամբ, խաղողի տեսակներով, արտադրական տեխնոլոգիաներով, զարգացման միտումներով: Հայկական գինու եւ կոնյակի համտեսման նպատակն է միջազգային հարթակում ներկայացնել հայկական գինու եւ կոնյակի յուրահատուկ համային հատկանիշները եւ առանձնահատկությունները: Ներկայացված են լինելու 11 հայկական ընկերությունների արտադրատեսակների ընտրանին: Վերոնշյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Զարգացման հայկական գործակալությունը, իսկ կազմակերպչական աշխատանքների օժանդակումը եւ ֆինանսական աջակցությունն իրականացնում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամը՝ «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման» 2013 թվականի ծրագրի շրջանակներում: