Սուրիկ Խաչատրյանի մասին՝ ֆիլմ, Ռուբեն Հայրապետյանի մասին՝ թրիլլեր. Առաջարկը՝ Արամ Մանուկյանի
«Սուրիկ Խաչատրյանի համար կարելի է ֆիլմ էլ նկարահանել, էդ ընտանիքի մասին կարելի է դասագիրք էլ գրել, թե ինչպես կարելի է կրիմինալի պատմության մեջ ներառվել, թե ինչպես կարող է պաշտոնյան ռեսուրսները կիրառել մարդկանց ահաբեկելու համար:
Ռուբեն Հայրապետյանի համար թրիլեր կարելի է նկարել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ու հարցնելով, թե ինչո՞ւ իր զեկույցում անուններ չի նշում:
Արամ Մանուկյանը նաև կարծիք հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է երկրի թիվ մեկ ընդդիմադիրը լինի, հատկապես՝ Հայաստանի, որտեղ մարդու իրավունքներն անմխիթար վիճակում են:
«Դուք անընդհատ ԱԺ-ից փորձում եք պաշտպանվածություն գտնել, ումի՞ց եք փնտրում պաշտպանվածություն, ումի՞ց եք փնտրում, ովքեր հիմնական խախտողնե՞րն են, սխալ հասցեով եք եկել, խախտումները հենց էս դահլիճում են տեղի ունենում, մարդու իրավունքների խախտման ամենալայն դաշտն էստեղ նստածներն են իրականացնում»,- ասաց Արամ Մանուկյանը:
«Փաստինֆո»
