Սուրիկ Խաչատրյանը վտանգում է աշակերտների անվտանգությունը՝ տրամադրելով անսարք ավտոբուս
Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասել է, որ նամակ է ստացել Սյունիքի մարզի Հալիձոր, Սվարանց, Տաթև, Շինուհայ գյուղերի ուսուցիչներից, ովքեր խնդրում են իրենց տրամադրել ապահով տրանսպորտային միջոց: Ուսուցիչները դիմել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ նշելով, որ իրենց տրամադրված ավտոբուսը անսարք է, իր դարն ապրած և հոգնած (ներկայացված է ուսուցիչների բառերով), ինչը վտանգում է ոչ միայն իրենց, այլ նաև երեխաների անվտանգությունը:
Տիկին Բախշյանը նշեց, որ ինքը նույնպես դիմում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ գյուղերի ուսուցիչներին և աշակերտներին ապահով տանսպորտային միջոցով ապահովելու համար՝ առավել ևս, որ բյուջեից հատուկ այդ նպատակով հատկացումներ կան. «Այդ գյուղերի ճանապարհները բոլորս էլ գիտենք՝ ինչ վիճակում են, ուստի պետք է շտապ լուծել այդ հարցը, քանի ուշ չէ և փորձանք չի պատահել»,- նկատել է Բախշյանը:
