Թացն ու չարը իրար մի խառնեք...
Արցախյան ազատամարտի հրամանատար, ազատամարտիկ, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը aravot.am-ի հրապարակած տեսանյութում լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հասցեին: Ըստ Վահան Բադասյանի՝ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս հայհոյել է զինվորականներին, ովքեր մեքենաներով բարձրանալիս են եղել դիրքերը և փակել կամ նեղացրել են Մանվել Գրիգորյանի ճանապարհը:
Բադասյանը նաև հայտարարել է, որ 90-ականների պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղում զբաղվել է թալանով:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը դատապարտելի է համարել այդտեսակ արարքը և նշել, եթե նման բան եղել է, ապա միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։
«Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասել է Արտակ Բեգլարյանը։
Սակայն այս պատմությանը զուգահեռ ուշագրավ էր այն հանգամանքը, թե ինչու Մանվել Գրիգորյանի անվան շուրջ քննարկվող միջադեպի համատեքստում դարձյալ շոշափվեցին երդվյալ ՀՀԿ-ականների անուններ, ովքեր մինչ օրս համենայնդեպս դիրքերում որեւէ արտառոց միջադեպի մեջ չեն հայտնվել: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու բադասյանական <գրոհի> տողատակերում տրվեցին անուններ, ովքեր որեւէ ինտրիգների մեջ չեն հայտնվել, ու բացի դիրքերում կանգնելուց, ու զինվորի կողքին գտնվելուց, այլ գործով չեն զբաղվել: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ՈՐՈՇՆԵՐԸ դարձյալ հիշեցին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝Շմայսին, ով գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի հավատարիմ թիմից է, եւ որեւէ մեկը այսքան ժամանակ կասկածի տակ չի դրել նրա ՀՀԿ-ին ու պետությանը նվիրված լինելու փաստը:
Այնպես, որ թացն ու չարը իրար խառնելու փոխարեն, ավելի լավ է Ձեր գործերով զբաղվեք, ու Շմայսին եւ բոլոր նրանց, ովքեր այսօր սահմանին՝ հայ զինվորի կողքին են, հանգիստ թողեք: Շմայսը՝ նույն Շմայսն է մնալու, իսկ դուք շարունակելու եք հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու գործը…
