Թալեաթի անձնական զեկույցը հայկական կոտորածների մասին. նա փորձում է արդարանալ
News.am-ը գրում է .
Թալեաթ փաշան, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին: Այս մասին իր հոդվածում գրում է «Քալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.
«Նախորդ շաբաթվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Թալեաթ փաշան՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը, 1921 թվականին բրիտանացի հետախույզ Օբրի Հերբերտին տված հարցազրույցում ասել էր, որ «հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին»:
Այժմ կցանկանայի ներկայացնել համառոտ հատվածներ Թալեաթի ծավալուն զեկույցից, որը 1921 թ. նոյեմբերին հրապարակվել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հրատարակվող «Քարընթ հիսթըրի» (Current History) ամսագրում՝ «Թալեաթ փաշայի հետմահու հուշերը» վերնագրով, եւ հետեւյալ ենթավերնագրով. «Նախկին Մեծ վեզիրի անձնական զեկույցը՝ գրված նրա սպանությունից կարճ ժամանակ առաջ, թե ինչու եւ ինչպես Թուրքիան մտավ պատերազմի մեջ. Գաղտնի դաշինք, որը նախորդեց հակամարտությանը. Հայկական կոտորածների պատճառները՝ ներկայացված դրանք պատվիրած մարդու կողմից»:
«Քարընթ հիսթըրի»-ի խմբագիրները ներածական ծանոթության մեջ բացատրում են, թե ինչպես են ձեռք բերել այս բացահայտող զեկույցի օրինակը. «… Թալեաթի մահվանից հետո, այս ձեռագիրը անցավ Գերմանիայում մնացած նրա կնոջը. նա դեռ չէր հրապարակել ամբողջական զեկույցը, սակայն նրա ամուսնուն գնդակահարողի ազատ արձակումից հետո, նա թույլատրեց Կոստանդնուպոլսում հրապարակվող լիբերալ թուրքական «Վաքիթ» թերթի Փարիզի թղթակցին հրատարակել դրա առավել հետաքրքիր հատվածները: «Քարընթ հիսթըրի»-ի համար դրանք թուրքերենից թարգմանեց բնիկ պոլսեցի Մ. Զեքերիան: Դրանք մոտ հիսուն էջեր էին բնօրինակ ձեռագրից, որի առաջին նախադասությունը՝ «Ես չեմ ասում ամբողջ ճշմարտությունը, սակայն այն ամենը, ինչ ասում եմ՝ ճշմարիտ է», մեծ ցնցում առաջացրեց Թուրքիայում»:
Թալեաթը, իր հուշերում, ինչպես Օբրի Հերբերտի հետ հարցազրույցում, փորձում է արդարացնել իրեն՝ Հայոց ցեղասպանության համար մեղադրելով բոլորին՝ հայերին, ռուսներին, նույնիսկ թուրքերին: Նա չի ժխտում «հայերի, իսկ որոշ բնակավայրերում նաեւ հույների եւ Սիրիայում որոշ արաբների տեղահանությունները», սակայն պնդում է, որ դրանց մասին հաղորդումները «խիստ չափազանցված էին»: Ապա Թալեաթը հավելում է. «Սա ասելով, ես ամենեւին էլ միտք չունեմ ժխտելու փաստերը: Միայն ցանկանում եմ վերացնել չափազանցությունները եւ փաստերը շարադրել այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել»:
Նախկին Մեծ վեզիրը խոստովանում է. «Ես ընդունում եմ, որ մենք բազմաթիվ հայերի տեղահանել ենք մեր արեւելյան նահանգներից, բայց այս հարցում մենք երբեք չենք գործել նախապես մշակված ծրագրով: Այս գործողությունների պատասխանատվությունը ընկնում է առաջին հերթին հենց տեղահանված ժողովրդի վրա: Մեր արեւելյան շրջանները ձեռք գցելու նպատակով, Ռուսաստանը զինեց այս շրջանների հայ բնակչությանը եւ նշված տարածքում կազմակերպեց ուժեղ հայկական հրոսակային ուժեր»:
մանրամասները՝news.am-ում:
