Տարեց կնոջը ծեծել, դանակահարել և հափշտակել են 65 հազար դրամ
Aravot.am-ը գրում է, որ այսօր առավոտյան անհայտ անձը կամ անձիք ավազակային հարձակում են գործել Գյումրու կենտրոնական թաղամասերում մեկում գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա, նրան ծեծել, դանակահարել են, տունը թալանել:
Տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, կնոջ մոտ առկա է գանգուղեղի փակ վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք: Ոստիկանությունն այս պահին աշխատում է նրա տնակում, իսկ քննիչները կնոջը հարցաքննում են հիվանդանոցում:
Նախնական տեղեկությունների համաձայն, առավոտյան կինը դուրս է եկել բակ, իր դռան մոտ հավաքված ձյունը մաքրելու, երբ մաքրել, մտել է տուն, հետևից մտել է հանցագործը: Վերջինիս ձեռքին եղել է դանակ, դանակի ծայրով խփել է գլխին, ձեռքերով, ոտքերով հարվածել է մարմնի տարբեր հատվածներին ու հափշտակել 65 հազար դրամ: Ժամը 9-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, այնուհետ զանգահարել են ոստիկանություն:
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում:
