Տարին սկսում ենք արդարացման դատավճռով
Փաստինֆոն գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ տոներից հետո առաջին աշխատանքային օրը, դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ:
25-ամյա Գոհարը, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, դատարանի դատավճռով՝ անպարտ ճանաչվեց և արդարացվեց:
Ըստ մեղադրանքի՝ Գոհարը, ցանկանալով իր ընկեր Համլետից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարները, որոնք վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի փողոցներից մեկի բակում Համլետին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսայի ներկայությամբ վերցրել վերջինիս «Սամսունգ նեքսուս» բջջային հեռախոսը՝ կարծելով, որ այն Հրանտի բջջային հեռախոսն է և հեռացել` Լարիսային պատճառելով 240.000 ՀՀ դրամ վնաս:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալը, ով առողջական խնդիրներ ուներ, հրաժարվեց վերջին խոսքով հանդես գալ:
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Համլետը միևնույն ժամանակ ընկերություն է արել այս երկու աղջիկների հետ, ապրել նրանց հաշվին, նրանցից վերցրել խոշոր չափերի հասնող գումար:
Հերթական անգամ ալֆոնսը հանդիպել է իր ընկերուհիներից Լարիսայի հետ: Զույգը գտնվել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գոհարը՝ գործով ամբաստանյալը, և տղայի մյուս ընկերուհին, անցնելով մեքենայի մոտով, ճանաչել է, կանգնել ու բացել մեքենայի դուռը: Զայրույթը և խանդը համակել է աղջկան և այդ պահին նա վերցրել է մեքենայի մեջ կախված հեռախոսն ու հեռացել, որը հետագայում պետք է պարզվեր, որ իր ընկերոջը նվիրել է մյուս ընկերուհին և նրանք համատեղ օգտագործել են այն:
Վիրավորված աղջիկն այդ հեռախոսից նամակներ է ուղարկել, այսպես կոչված, տուժողին, սակայն ո՛չ տղան և ո՛չ էլ նրա ընկերուհին ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ հեռախոսը ետ ստանալու համար:
Որոշ ժամանակ անց տուժող աղջիկը ոստիկանություն հաղորդում է տվել, թե իբր իր հեռախոսը գողացել են:
Նշենք, որ ալֆոնսը գործով ճանաչվել է վկա, իսկ նրա ընկերուհին՝ տուժող: Վերջինս դատարանում նախագահող դատավորին խնդրել է մեղմ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ:
Դատարանը, սակայն, մեղադրանքը հիմնավոր չի համարել ընդհանրապես եւ արդարացրել։
