Տարվա գլխավոր Իրադարձությունը, Տարվա Խրատը, եւ Տարվա Կինը՝ ըստ Հովհաննես Մանուկյանի
Fnews.am-ը նախատոնական օրերին ամփոփելու է տարվա ձեքբերումներն ու բացթողումները՝հայտնի քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաեւ լրագրողների աչքերով՝ փորձելով ամփոփել տարվա կարեւորագույն իրադարձություններն ու նույնիսկ ամենափոքր հաջողությունները, որոնք նույնպես գնահատել ու արժեվորել է պետք:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին մեր հարցադրումը այսպիսին էր.
-Պարոն Մանուկյան, կխնդրեի մատնանշեիք 2015 թթ-ի ձեռքբերումներն ու բացթողումները: Եւ եթե դեմ չեք, կխնդրեի մի փոքր անկեղծանալ եւ նշել, ո՞րն է ըստ Ձեզ եղել Տարվա իրադարձությունը, Տարվա խրատը, եւ ամենավերջում.ո՞ւմ կհամարեիք այսպես ասած Տարվա կինը:
-Այս տարին գրեթե բոլոր առումներով ձեռքբերումներով առատ չէր: Հնարավոր է, որ յուրաքանչյուրս մեր կյանքում ունեցել ենք ինչ-որ անձնական ձեռքբերումներ ու դրանք իսկապես պետք է փայփայել: Սակայն մեծ հաշվով տարին լարված էր ողջ աշխարհի համար: Այ բացթողումներ ինչքան ասես… Միջազգային քաղաքագիտական միտքը լուրջ փորձությունների ենթարկվեց՝ անցյալի իր ոչ հեռատես բացթողումների համար: Ընդհանուր մթնոլորտն է լարված, տարածաշրջանում կրքերը շիկացած են, ինչը չի կարող մեր կողքով աննկատ անցնել: Էլ չխոսեմ համաշխարհային տնտեսական ճգնաժամի և դրա հետևանքների մասին մեր տնտեսության վրա: Դրա հետևանքները զգում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ: Բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ 2016-ը էականորեն տարբերվելու է անցնող տարուց: Ամենակարևոր ակնկալիքս գալիք տարուց խաղաղությունն է: Իսկ Տարվա գլխավոր իրադարձությունը, ըստ իս Հայաստանի համար Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատշաճ բարձրաձայնումն էր, ինչն ի պատիվ մեզ հաջող և տպավորիչ ստացվեց: Մենք կարողացանք համամարդկային լեզվով խոսել մեր վշտի մասին ու քրիստոնեական աշխարհի հայացքը դարձնել մեր կողմը:
Այս իմաստով ոգևորիչ էր Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը: Գլոբալ, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի մասշտաբով որպես շատ լուրջ իրադարձություն կհիշատակեի թուրքական ռազմական ավիացիայի կողմից ռուսական կործանիչի խոցումը, ինչը թերևս տարածաշրջանային սրացումների այս տարվա կուլմինացիան էր:
Չավարտված պատերազմի հետևանքով արդեն քանի տարի շարունակ տարվա կնոջ հավաքական կերպարը սահմանում զոհված զինվորի մայրն է, ով իր կամքի ուժով, իմաստությամբ, տառապանքը լուռ կրելու գնով իդեալական ու վեհ կին է խորհրդանշում:
Խոնարհում ու հարգանք բոլոր մայրերին: Այս տարվա իրադարձությունների տեսանկյունից էլ՝ Տարվա կին անվանակարգը լիիրավ կհանձնեի Ծովինարին՝ իմ նախկին խոսնակին: Նրան այս տարի իսկապես հաջողվել է մտածել ու կայացնել այնպիսի գաղափարներ, որոնք գրեթե միշտ միանշանակ ողջունվել են իմ կողմից: Իսկ Խրատ տալ չեմ սիրում, բայց մի բան կա, որ կմաղթեի բոլորին՝ փորձեք եկող տարում ավելի ազատ լինել, մի կորցրեք ձեր ազատությունը ոչ մի պարագայում և մի փոխեք որևէ բանի հետ, դրա առկայությունը միշտ հաջող հաղթաթուղթ է կարևոր մեկնարկի համար:
