Տարվա վերջին հաշվարկ կարվի, թե ԵՏՄ-ն որքանով կազդի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա
Այսօր ԱԺ-ում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ԵՏՄ-ի անդամակցության ռիսկերը հաշվի չեն առնվել բյուջեում, նկատեց, որ թե՛ մասնագիտորեն և թե՛ իրավական տեսանկյունից ավելի ճիշտ է, որ նախ վավերացնում են, հետո են սկսում հաշվի առնել:
Նախարարը չի կարծում, որ ԵՏՄ-ին անդամակցելով բյուջեում ռիսկեր կարող են առաջանալ. «Որովհետև, ընդհանուր առմամբ, հենց բյուջեին վերաբերող հարցերում ռիսկերը հաշվի են առնված»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ի տնտեսությունն ամեն դեպքում ճգնաժամի մեջ է, ապա նախարարն ասաց. «Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա նրանք որոշ ճյուղերում, թեև թեթև, բայց աճ ունեն»:
Նախարարը նաև նշեց, որ տարվա վերջին հաշվարկ կարվի, թե ԵՏՄ-ն որքանով կազդի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա: «Եթե նկատել եք՝ երեկվա դրությամբ ռուբլու որոշակի կայունացում կար, այսինքն՝ այնուամենայնիվ, Ռուսաստանն ինչ-որ քայլեր է անում դրական արդյունքների համար»,-ասաց նա:
«Որոշակի կայունացում եղավ նաև նավթի գների մեջ երեկ ու առաջին օրը, և սա իր ազդեցությունն ունենում է: Մենք պետք է հուսանք, որ իրավիճակը կկայունանա, որպեսզի մեր արտահանողները կարողանան իրենց դաշտն ապահովել: Ամեն դեպքում մեր արդյունաբերողներին ամենայն աջակցություն ցուցաբերվում է»,- ասաց նախարարը:
