Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգության հետքերով...
Հունիսի 6-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում "Վոլկսվագեն Տուարեգ" մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել են Տաշիր քաղաքի յոթ երիտասարդ բնակիչներ:
Թե ի՞նչը կարող էր նման ողբերգության պատճառը դառնալ,Fnews.am-ը փորձեց պարզել Եվրոպական դատական փորձաքննություն ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանից, ով իր խոսքում նշեց.
-Դժվար է այս պահին ստույգ ինչ-որ եզրակացություն տալ, մեր փորձագետները դեռ աշխատում են այդ ուղղությամբ, բայց նախնական եւ կարելի ասել, այս պահի դրությամբ ամենահավանական վարկածն այն է, որ հրդեհը առաջացել է ավտոմեքենայի դիմացի մասում գտնվող "ռեդուկտորի" վնասման հետեւանքով, քանի որ դրա միջոցով կարգավորվում է գազի ճնշումը եւ այն ուղարկվում է շարժիչին: Այդ սարքը կոտրվում է, որից գազը դուրս գալով` հպվում է կրակ առաջացնող որեւէ բանի, առաջանում է հրդեհ: Նման մակնիշի մեքենաների վրա սովորաբար տեղադրվում են իտալական գազի բալոններ, որը չի կարող պայթել: Միանշանակ հրդեհի պատճառը ռեդուկտորի կոտրվելն է: Հավանաբար բախման պահին մեքենայի դռները ավտոմատ փակվել են, այդ պատճառով երիտասարդները չեն կարողացել կամ չեն հասցրել դուրս գալ եւ փրկվել:
Բայց որպեսզի կարողանանք հստակ եւ վերջնական ասել, թե ինչի՞ հետեւանքով է վթարը առաջացել, պետք է հետազոտվի կոնկրետ տրանսպորտային միջոցը` պարզելու համար, թե արդյո՞ք գազի տեղադրումը եւ մնացած սարքավորումների տեղադրումը եղել է օրենքով սահմանված կարգով, թե՞ ոչ: Սակայն, բանը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ միջազգային ստանդարտներին չի միացել, այսինքն եթե մենք անգամ հետազոտություն անենք եւ պարզենք, որ միջազգային ստանդարտներին չեն համապատասխանել մեքենայի սարքավորումները կամ տեղադրումը, ապա միեւնույն որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ՀՀ այդ փաստաթղթին չի միացել: Կա նաեւ մեկ այլ` քիչ հավանական վարկած, որ տվյալ վթարի պարագայում գործ ունենք վարորդի սխալ գործողության հետ, քանի որ տարօրինակ է, թե ինչպես է մեքենան հայտնվեր կողմնակում:Ամեն դեպքում չեմ կարծում, որ ի վերջո կկարողանան պարզել վթարի պատճառը, քանի որ մեզ մոտ համապատասխան մասնագետներ չկան:
Տաթեւիկ Աբրահամյան
