Տասնյակ որսագողեր բանտարկվել են անհետացման վտանգի տակ գտնվող սումատրական փղերին սպանելու համար
Գրեթե մեկ տասնյակ որսագողեր Ինդոնեզիայում բանտարկվել են՝ 2020 թվականին անհետացող հինգ սումատրական փղերի սպանության եւ նրանց ժանիքների ապօրինի առեւտրի համար, հաղորդում է AFP-ն:
Անտառների համատարած հատումը նվազեցրել է փղերի ապրելավայրը եւ հանգեցրել մարդկանց հետ աճող կոնֆլիկտների, մինչդեռ նրանց ժանիքները գնահատվում են վայրի բնության անօրինական առեւտրում:
Իշխանությունները 2020 թվականի սկզբին Աչեհի հեռավոր Տուվի Պեուրիա գյուղում գտնվող արմավենու յուղի պլանտացիաներում հայտնաբերել են սատկած փղեր՝ հոսանքահարված եւ հանված ժանիքներով:
Սումատրայի Աչեհ Ջայայի շրջանային դատարանը որսագողության համար ինը մարդու դատապարտել է 10 ամսից մինչեւ երեքուկես տարվա ազատազրկման: Եւս երկուսը մոտ երկու տարվա ազատազրկման են դատապարտվել՝ փղի ժանիքների առեւտրին մասնակցելու համար։
Աչեհի բնական ռեսուրսների պահպանության գործակալության գնահատմամբ, կենդանիները 2020 թվականի հունվարին իրենց հայտնաբերելուց երկու ամիս առաջ են սպանվել՝ բարձր լարման էլեկտրահարման հետեւանքով՝ արմավենու յուղի պլանտացիայում միտումնավոր տեղադրված ցանկապատի միջոցով:
Հետաքննությունը տեւել է ավելի քան մեկ տարի եւ ավարտվել է նախորդ տարվա օգոստոսին ու սեպտեմբերին ոստիկանության կողմից հանցագործների ձերբակալմամբ։
Վերջին տարիներին կղզում թունավորման, էլեկտրահարման կամ գլխատման հետեւանքով փղերի սպանության մի քանի դեպք է գրանցվել։
Մեկ տարեկան փիղը մահացել է այն բանից հետո, երբ նոյեմբերին կորցրել է կնճիթի կեսը որսագողի թակարդում, իսկ հուլիսին գտել են թունավորումից հետո գլխատված փղի, որի ժանիքները հանված են եղել։
