«Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին». Լուսինե Սահակյան (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած այսօրվա դատավարությանը, որով նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, ասաց. «Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք դեռեւս իրավունք չունենք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, այսօր առաջին անգամ լսեցինք նրա ցուցմունքները: Քանի որ դրանք հրապարակվեցին մասնակի, եւ ամբողջական չէին. ըստ էության այն հատվածները, որոնք առավելապես մեզ հետաքրքրում են, դրանք չընթերցվեցին՝ նկատի ունենալով, որ իբրեւ գործը հանձնվել է հայկական կողմին, ուստի չեն հրապարակում:
Չնայած ես ձեզ ասեմ, որ դատավարության ընթացքում, ճիշտն ասած, շատ արտառոց իրավիճակ էր, կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագ դատավարություն էին անում: Համենայնդեպս ինձ համար շատ անծանոթ գործընթաց է սա, հրապարակվում են ինչ-որ մասեր, ընդ որում որոշ դեպքերում հրապարակվում են երրորդ դեմքով, այսինքն` ակնհայտ երեւում է, որ նրանք սեղմած են հրապարակում ցուցմունքները: Եւ ուղղակի չէին ընթերցում ցուցմունքները, մի մասը ընթերցում էին, մի մասը երրորդ դեմքով էին հրապարակում, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք, ըստ էության, կոնսպեկտից էին քաղում: Ցուցմունքերում կային հակասություններ, բայց ասեմ, որ մենք բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք այս փուլում ես չեմ հրապարակի, սակայն կային տվյալներ, որոնք շատ հետաքրքրական էին,հետագայի համար մենք, անպայման, դրանք կօգտագործենք: Եւ հետարքրքական է նաեւ, թե այդ մասերը արդյո՞ք տրամադրվել են հայկական կողմին, թե՝ ոչ:
մանրամասն՝ այստեղ:
