Թե ինչու թուրքիան եխխվ-ում ձախողեց ադրբեջանի հակահայկական բանաձեվը
2016թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության դրվեցին 2 հակահայկական բանաձևեր, որոնց հեղինակները անթաքույց ադրբեջանամետ և Ադրբեջանի կողմից գնված բրիտանացի ու բոսնիացի պատգամավորներ էին: Ստրասբուրգում, սակայն, առավել կարևոր մի երևույթ տեղի ունեցավ, որը դարձավ շրջադարձային թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Առաջին անգամ թուրքական խորհրդարանական պատվիրակությունը ոչ ամբողջությամբ պաշտպանեց Ադրբեջանին, ինչը ներքին պառակտում առաջացրեց երկու դաշնակից երկրների միջև:
Հատկանշական է, որ ԵԽԽՎ քվեարկությունից օրեր առաջ Անկարա էր այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր, Արևմտահայոց ազգային համագումարում ՀՀ լիազոր ներկայացուցիչ և նույն կառույցում Թուրքիայի տարածքում աշխատանքային խմբի ղեկավար Արագած Ախոյանը:
Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես հայ, այնպես էլ թուրք և քուրդ գործիչների հետ, բանակցել խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ: Թե ինչ տրամադրություններ կան Թուրքիայի խորհրդարանում Հայաստանի հետ հարաբերությունների առումով, Արագած ԱխոյանըDiplomat.am-ի հետ զրույցում մանրամասնել է հետևյալը.
«Ինձ ապշեցրին հատկապես հայ պատգամավորներ Սելինա Դողանը (CHP) և Կարո Պայլանը (HDP): Նրանք հրաշալի մարդիկ և հրաշալի գործիչներ են, ամեն առիթ օգտագործում են հայկական խնդիրները բարձրաձայնելու համար: Հանդիպեցի նաև վերջերս ոչ պակաս հայտնի դարձած մեկ այլ հայ պատգամավոր Մարգար Եսայանի (AKP) հետ: Ցավոք, չեմ կարող նրան համեմատել մեր մյուս 2 հայ պատգամավորների հետ, բայց չեմ էլ ուզում շատ քննադատել, որովհետև եթե մարդը չգիտի իրականության մասին կամ չի ուզում հայամետ կեցվածք որդեգրել, իր խնդիրն է: Անկարայում ես Մարգար Եսայանին զգուշացրի, որ եթե ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերին կողմ քվեարկի, կվարկաբեկվի հայ ազգի աչքին, իսկ նրա ղեկավարության հետ (AKP) հանդիպելիս ասացի, որ եթե դուք մեծ գումարներ եք ծախսում Մարգար Եսայանի հեղինակությունը բարձրացնելու համար, ապա ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ եթե նա կողմ քվեարկի, Թուրքիայի հայ համայնքի և ընդհանրապես, աշխարհի հայերի աչքում կհավասարվի զրոյի: Այդպես էլ եղավ»:
Արագած Ախոյանի համար կարևոր են եղել նաև Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունների ոչ հայ ներկայացուցիչների հետ հանդիպումները: Ասում է՝ նրանց մոտ նկատվում է հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ մոտեցումների փոփոխություն:
«Գուցե արդեն եկել է ժամանակը, որպեսզի մենք շփումները ավելացնե՞նք և մեր խնդիրները անմիջապես թուրքերի հե՞տ քննարկենք, նրանց իշխանության հե՞տ հարցեր լուծենք»,-հռետորական հարց է տալիս պատգամավորը՝ շեշտելով, որ հայկական կողմը պետք է թուրքական իշխանությանը երկխոսության միջոցով, ժողովրդական դիվանագիտության միջոցով ստիպի, որ փոխվեն դիրքորոշումները: Թուրքերին պետք է առիթ, իսկ մենք դա չենք ստեղծում, «և երբ մենք 3-րդ կողմի միջոցով ենք փորձում աշխատել, միշտ ձախողվում է: Պետք է վերջ դնել միջնորդավորված խոսակցություններին: Միայն ցեղասպանության միջազգային ճանաչումով և միայն բարոյական հաղթանակներ տանելով՝ մենք ոչ մի կոնկրետ արդյունք չենք ունենա: Շատերը հարց են տալիս՝ խաղա՞լ, թե՞ չխաղալ թուրքական խաղը, ես ասում եմ, ժողովուրդ, մենք վաղուց այդ խաղի մեջ ենք: Ամենակարճ ճանապարհն է ոչինչ չանել՝ վախենալով ծուղակներից, բայց եթե մենք մեզ համարում ենք աշխարհի ամենախելոք ազգերից մեկը (իսկ դա այդպես է), պետք է անենք քայլը, պետք է գործի բաժանում արվի, պետք է հասկանանք պետական քաղաքականության կողքին ժողովրդական դիվանագիտության դերը»:
մանրամասները՝diplomat.am-ում:
