Թեև դատապարտվել են թրաֆիքինգի համար, սակայն նրանց գործունեության նոր փաստեր են ի հայտ գալիս
Փաստինֆոն գրում է. 39-ամյա կինn օրերս իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքը Դուբայում թրաֆիքինգի ու սեռական շահագործման է ենթարկվել դատապարտված այլ հայ կանանց կողմից։
Երկուսը դատապարտվել են, իսկ կանանցից մեկը հետախուզվում է նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կողմից մարդու թրաֆիքինգ կամ շահագործում:
Այսպես, կինը հայտնել է, որ 2005թ. 69-ամյա Ազատուհի Հայրապետյանը (ներկա դրությամբ նա դատապարտված է և պատիժը կրում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում) խաբեությամբ, ՌԴ-ում գտնվող դստեր մոտ բարձր աշխատավարձով բուժքույր աշխատելու պատրվակով, հավաքագրել և կազմակերպել է իր տեղափոխումը ՌԴ Մոսկվա քաղաք, իսկ այնուհետև՝ ԱՄԷ Դուբայ քաղաք, որտեղ գտնվել է Ա.Հայրապետյանի դուստրը` 51-ամյա Նելլի Ներսիսյանը (նա 17.07.2009 թ-ից գտնվում է հետախուզման մեջ):
Վերջինս, օգտագործելով տեղափոխման ծախսերով պայմանավորված իր վիճակի խոցելիությունը, ինչպես նաև բռնությամբ և դրա գործադրման սպառնալիքով, կնոջը պահել է շահագործման վիճակում ու ենթարկել սեռական շահագործման:
Դուբայ տեղափոխվելուց որոշ ժամանակ հետո ինքը հայտնաբերվել է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից և արտաքսվել ՀՀ, սակայն դրանով կնոջ դժբախտությունները չեն ավարտվել. «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորել է անծանոթ տղամարդ և տեղափոխել Ազատուհի Հայրապետյանի տուն, որտեղ վերջինս որոշ ժամանակ տարբեր սպառնալիքների միջոցով թաքցրել է իրեն ու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով կրկին տեղափոխել ԱՄԷ Դուբայ քաղաք՝ Ն.Ներսիսյանի մոտ:
Շուրջ 3 տարի անց Ն.Ներսիսյանի համաձայնությամբ ինքը Դուբայ քաղաքից մեկնել է Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք, որտեղից 36-ամյա Աղունիկ Այվազյանը (նա նույնպես դատապարտված է և պատիժը կրում է «Աբովյան» ՔԿՀ-ում) տեղափոխել է իրեն ՀՀ:
Կինը հայտնել է, որ ՀՀ սահմանը հատել է Ա.Այվազյանի կողմից տրամադրված, իրեն անծանոթ ՀՀ այլ քաղաքացու անձնագրով:
Կատարվում է հետաքննություն:
