Թերեզա Մեյը վարչապետը կլինի մինչեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը. Համոնդ
Թերեզա Մեյը վարչապետը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն չի լքել, պնդում է գանձապետարանի կանցլեր Ֆիլիպ Համոնդը, փոխանցում է AP-ն:
«Վարչապետն ասել է, որ կհեռանա, հենց գործարքը կնքի եւ մեզ Եվրամիությունից դուրս բերի: Բայց, որքանով տեղյակ եմ, այդ գործարքն առայժմ չի կնքվի»,- Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է Համոնդը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը ապրիլի 10-ի արտահերթ գագաթնաժողովում փակուղում հայտնված Բրիտանիայի համար բրեքսիթի ժամկետը հետաձգել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Եվրոպացի դիվանագետների պարզաբանմամբ՝ օրը կապված է ԵՄ ղեկավար կազմի ապագա փոփոխության հետ. նոյեմբերի 1-ին իր լիազորություններն է ստանձնելու նոր Եվրահանձնաժողովը, եւ եթե Բրիտանիան իսկապես, ի վերջո, պատրաստվում է հեռանալ, ապա կարեւոր է, որ այն չմասնակցի Եվրամիության նոր կառավարության աշխատանքին: