Տեսագրությունում կաշառք վերցնելու մասին խոսք չկա. զինկոմի փաստաբան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի գործով դատավարությունը:
Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում Զախարյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը ասաց, որ հետազոտվում են ապացույցները:
«Նյութում առկա բոլոր ապացույցներն են ուսումնասիրվում այս փուլում: Գործում առկա է տեսագրություն, որտեղ մարդը մուտք է գործում Զախարյանի աշխատասենյակ, խոսակցություն է գնում, եւ հանկարծակի այդ մարդը ձեռք տանում է գրպանը և ինչ-որ բան հանում»,- ասաց փաստաբանը:
Նա պնդեց, որ այստեղ կաշառք վերցնելու մասին խոսք լինել չի կարող, նույն հաջողությամբ այդ մարդն «իր գրպանից կարող էր զենք հանել»: Նշենք, որ Զախարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:
Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Երկրորդը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:
