Տեսչական ստուգում ԼՂՀ բանակում. միավորումը պատրաստ է կատարել ցանկացած մարտական խնդիր
Այս թեմայով
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի զինված ուժերի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ առկա փոխհամագործակցության եւ փորձի փոխանակման շրջանակում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին` ՀՀ Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը բարձր է գնահատել նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը ինչպես Արցախի, այնպես էլ համահայկական պաշտպանունակության բարձրացման գործում:
Խոսելով բուն միջոցառման եւ դրա արդյունքների մասին` գլխավոր ռազմական տեսուչն իր գոհունակությունն է հայտնել ստուգման ենթարկված միավորման զորամասերի եւ բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, բարոյահոգեբանական եւ տեխնիկական պատրաստվածության վերաբերյալ` ընդգծելով, որ միավորումը պատրաստ է լրիվ ծավալով կատարելու իր առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր:
Վերջում կատարված աշխատանքի համար տեսչական խմբին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
