Տեղադրվեց Խորենացի-Վ. Սարգսյան խաչմերուկի հին շենքերի հիմնաքարը
Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղակայված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որը քանդվեց շուրջ 1.5 տարի առաջ, կվերականգնվի: Այսօր մեկնարկեց «Կամար» բիզնես կենտրոնի շինարարությունը, ինչի առիթով շինհրապարակում տեղի ունեցավ հիմնաքարի տեղադրման արարողությունը, ինչպես նաև շինության սեփականատեր «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության կողմից տեղադրվեց սրվակ, որի մեջ գրված էր ընկերության պատգամը:
«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ընկերության ղեկավար Արտաշես Խազախեթյանը նշեց, որ շենքը պատմամշակութային նշանակության շինություն էր, ուստի դեռ շուրջ 5 տարի առաջ իրենք հայտարարել էին մրցույթ ճարտարապետական հայեցակարգի մշակման համար:
«Գրեթե 17 մասնակիցներ եղան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Նախագծի բարդությունը նրանում է, որ այն պետք է ընդգրկի թե՛ նորը, թե՛ հինը: Մենք ունենք երկու շենք, մեկը՝ 1925թ-ին նախագծված Նիկողայոս Բունիաթյանի կողմից, որի ֆասադն ամբողջությամբ պահպանել ենք՝ շենքը կունենա նույն տեսքը։ Եվ ունեինքն 1910թ.-ի շենք, որի քարերը համարակալել ենք, ապամոնտաժել ենք ու պահել: Երբ հիմնական պատերը կառուցենք, կկարողանանք տեղադրել»,-ասաց նա:
