Տեղի է ունեցել «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման արարողությունը
Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ: Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է. ««Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային եւ հոգեւոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու եւ թուքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»: Սեպտեմբերի 26-ից մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում ելույթներ են ունեցել բազմաթիվ բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկան կոմիտասյան կատարումներով: Աշխարհի 9 երկրից եւ Արցախից ժամանած մասնակիցները հիացրին հանդիսատեսին կոմիտասյան ինքնատիպ կատարումներով: