Տեղի է ունեցել «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը
Հայաստանի ԱԳՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել Երեւանում հավատարմագրված դեսպաններ, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով. «Հետաքրքրությամբ եմ կարդացել կարեւոր գիտական արժեք ունեցող այս մենագրությունը եւ վստահ եմ, որ այն արժանի է ուշադրության ոչ միայն պատմաբանների, փորձագետների, դիվանագետների, բոլոր այն հետազոտողների, որոնք հետաքրքրվում են մեր տարածաշրջանով, այլեւ առավել լայն շրջանակի ընթերցողների համար»: Շնորհակալություն հայտնելով արտգործնախարարությանը գրքի շնորհանդեսի կազմակերպման համար, Հայկ Դեմոյանն ասել է, որ այս գիրքը 15 տարվա իր գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է, որտեղ ներկայացված է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ՝ դրա ծագումից մինչեւ մեր օրերը։ Նա շեշտել է, որ սույն աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում մինչ օրս անհայտ պատմական, արխիվային վավերագրեր եւ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում այս խնդրի վերաբերյալ։ «Բերված ընդարձակ նյութի վրա աշխատությունում հիմնավորվում է, որ Թուրքիան հանդես գալով Ադրբեջանի կողմից լրջորեն նպաստեց հիմնախնդրի թեժացմանը, եւ շարունակում է բացասաբար ազդել արգավորման գործընթացի վրա», – ընդգծել է Հայկ Դեմոյանը։