Տեղի ունեցավ Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառումների շարք
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Օշականի ճակատամարտի 195-ամյակը: Միջոցառումների շարքը մեկնարկեց Օշականի ճակատամարտում զոհված հայ եւ ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի առջեւ հարգանքի տուրք մատուցելով, որտեղ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների հոգեւորականները մատուցեցին հոգեհանգստյան կարգ։
Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ բակում` Ներսես Ե Աշտարակեցի Կաթողիկոսի գերեզմանի առջեւ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեծանուն Հայրապետի: Իսկ Երեւանում միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին «Օշականի ճակատամարտ. Արեւելյան քրիստոնեության քաղաքակրթական հիմքերի պաշտպանությունը դարերում եւ այսօր» գիտագործնական կոնֆերանսին:
![]()
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության քարտուղարը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հոգեւոր հայրեր, հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի, պատմագիտական, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու մշակութային գործիչներ:
Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար հատուկ Հայաստան են ժամանել Ռուս գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն, Ռուսական պատմական ընկերության խորհրդի անդամ, բ.գ.թ., պրոֆեսոր Դմիտրի Բակը եւ Ռուսական պատմական ընկերության խորհրդի նախագահ, «Հայրենիքի պատմության» հիմնադրամի գործադիր տնօրեն, բ.գ.թ. Կոնստանտին Մոգիլեւսկին, որոնք հանդես եկան զեկույցներով:
Միջոցառումները շարքն ամփոփվեց Երեւանի պատմության թանգարանում Օշականի ճակատամարտին նվիրվաց ցուցադրության այցելությամբ:
