ՏԻԵԶԵՐՔԻՆ ՆԱՅՈՂ ԱՉՔԸ
Երկիր մոլորակն իր հերթական պտույտն է կատարում: Եվ Մարդը ժամանակի ու հավերժության մեջ շարունակում է ինքն իրեն ուղղել բազում հարցեր Տիեզերքի, աշխարհաստեղծման և աստվածային արարչագործության մասին: Ո՞վ ենք մենք: Ովքե՞ր էին մեր նախնիները: Ինչպիսի՞ն էր երկրագունդը հազարավոր տարիներ առաջ՝ իր կլիմայով, ծովերով ու օվկիանոսներով…Ի՞նչ են իմացել մեր նախնիները մոլորակների մասին: Որոնելով այս հարցերի պատասխանները՝մեր ժամանակներում Մարդը տիեզերակայաններ է ստեղծում-կառուցում, գիտնականները պեղում-գտնում են հնագույն քաղաքակիրթ ազգերի թողած հիշատակությունները, ուսումնասիրում անցյալի աստղագետների աշխատությունները և, համադրելով արդի ուսումնասիրությունների հետ՝ կատարում նոր բացահայտումներ: Իսկ Մոլորակը շարունակում է իր պտույտը՝ բերելով նոր զարգացումներ և բազում նոր հարցեր…
«ԵՍ ԳԻՏԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ»
Հայկական բարձրավանդակում հազարամյակներ շարունակ ապրում և արարում է հայ ազգը: Մեր նախնիները՝ լինելով աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ստեղծողն ու կրողը , իրենց հերթին չէին կարող մեզ չթողնել երկնքի ու աստեղերի մասին գիտելիքներ: Նրանք կառուցել են աստղադիտարաններ, ուսումնասիրել Տիեզերքը: Հետո գալու էր Անանիա Շիրակացին՝ իր երկերով: Եվ դեռ 7-րդ դարում ապրած մեծ մտածողի «Տոմարացույցում»՝ թվականության մասին ուսմունքում կռահում կա երկրագնդի գնդաձևության մասին, որ լուսինը լուսավորում է արևի լույսի անդրադարձումով: Իսկ Կաթնծիրը թույլ լուսարձակող աստղերի կուտակում է: Բազում դարերի մեծ հայտնագործություններ էին անհրաժեշտ, որպեսզի հաստատվեին նրա հանճարեղ կանխատեսումները: Շիրակացին իր «Տիեզերագիտութիւն»-ի մեջ ձևակերպել է դիալեկտիկական միասնությունը.«Կյանքը սկիզբն է մահվան, իսկ մահը՝ սկիզբը կյանքի»:
Մեր հնագույն ձեռագրերը հաղորդում են զարմանահրաշ տեղեկություններ: Ապշում ենք, որ XIII դարում Հովհաննես Երզնկացին կարող էր իմանալ Հյուսիսային բևեռի մասին՝ այն բնութագրելով որպես «անմարդաբնակ և սառնամանիքային», որտեղ «գարնանը և ամռանը օրը վեց ամիս է տևում»: Եվ սրանք ընդամենը մեջբերված պատառիկներ են այն հարուստ ժառանգությունից, որ թողել են մեր անցյալի մեծերը: Հետո գալու էր 20-րդ դարը: Հայ գիտնականները դարձյալ գլխավոր դերակատարներից մեկն էին լինելու աստղագիտության ոլորտում՝ Վիկտոր Համբարձումյան , Գրիգոր Գուրզադյան…
21-րդ դարի երկրորդ տասնամյակն է՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանը: Եվ մի ինքնատիպ Մարդ, ով ծնվել է Հայաստանում, աչքն ուղղած Տիեզերքին, կատարում է բացահայտումներ աշխարհի ու մոլորակների մասին: Սիմոն Խաչատրյան է այդ լայնախոհ մարդու անունը:Նա աստղագետ կամ աստղաֆիզիկոս չէ: Բայց, լինելով մեծ հետաքրքրասեր ու խորաթափանց անհատականություն, նվիրվել է աստղերի, Տիեզերքի ու աշխարհի մասին կատարված ուսումնասիրություններն ի մի բերելու գործին: Նրա տարիների աշխատանքի արդյունքում ծնվել է մի հետաքրքրաշարժ գիրք, որը կարող է լինել հարուստ գանձարան ՝ հանրակրթական դպրոցների աշխարհագրության դասաժամերն ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Մուլտիպլիկատորներին այն հարուստ նյութ կտա՝ տեսաֆիլմերի միջոցով երեխաներին ներկայացնելու աշխարհի մասին բազմաթիվ գաղտնիքներ: Իսկ մեծերը կճանապարհորդեն մարդկության պատմության անընդգրկելի ժամանակաշրջանում՝ իրենց համար կատարելով նոր բացահայտումներ , եզրահանգումներ և փիլիսոփայական ընդհանրացումներ: Սա գիրք է՝ ուղղված մտածող մարդուն:
Սիմոն Խաչատրյանի գիրքն ունի նույնքան հետաքրքիր և ուշագրավ խորագիր, որքան նրա բովանդակությունն է՝ «Ես գիտեմ պատասխանները»: Այն լույս է տեսել 2019 թվականին: Իսկ դրան նախորդել են գրքի անգլերեն («I know the answers») և ռուսերեն («Я знаю ответы») տարբերակները:
Հեղինակն արդեն 20 տարի է, ինչ բնակվում է Կանադայում: Եվ գրքի լույսընծայումը նրա համար եզակի առիթ էր Հայրենիք գալու համար:
Հուիլսի 19-ին «Նարեկացի արվեստի միությունում» տեղի ունեցավ Սիմոն Խաչատրյանի «Ես գիտեմ պատասխանները» եռալեզու գրքի շնորհանդեսը: Գրքի հիմքում Հյու Օչինկլոս Բրաունի, Իմանուել Վելիկովսկու, Զաքարիա Սիտչինի , Հանս Բելամիի և Կարլ Բրյուգերի անգնահատելի աշատանքներն են, ինչպես նաև Հին Կտակարանում նկարագրված հիմնական իրադարձությունները:
Գրքում ներկայացված են գիտական փաստարկներ, որոնք հակադրվում են մայրցամաքների , օվկիանոսների, լեռների, լճերի և հրաբուխների առաջացման ընդունված տեսություններին: Այս գրքի ընթերցողը կարող է ծանոթանալ նրանց ճակատագրի հիմնախնդիրներին վերաբերող հեղափոխական մոտեցումներին:
Երկրի բոլոր մեգալիթյան շինությունների մանրամասն նկարագրությունը Հին աշխարհի բոլոր հիմնական գաղտնիքների բացահայտման անվերապահ ճեղքումն է:
Սիմոն Խաչատրյանը մանրամասնորեն անդրադառնալով Աստվածաշնչյան սյուժեներին, հնագույն աղբյուրներին՝ ծանրակշիռ փաստեով ներկայացնում է Երկիր մոլորակի անցած ընթացքը՝ մինչջրհեղեղյան քաղաքակրթությունից մինչև Նոյան տապանի՝ Արարատ լեռան վրա հանգրվանելը:
Նա իր խոսքն այսպես սկսեց.
-Վաղ մանկությունից մեզ ոգեշնչում էին արկածներ որոնողների և թաքնված գանձերի, մեռյալ մամոնտների և դինոզավրերի, բուրգերի և վաղնջական քաղաքների հեռավոր աստղերի ու խորհրդավոր գալակտիկաների (միգամածությունների) մասին հնագույն առասպելներն ու պատմությունները: Կյանքի առաջին կեսում հավատում էինք , որ մեր ծնողնեը շատ պատասխաններ են թաքցնում մեզանից, և երբ մեծանանք, մեր բոլոր հարցերը պատասխաններ կստանան: Անցավ ժամանակ, մենք մեծացանք, դարձանք ավելի փորձառու և տեղեկացված մեր կյանքի շատ ոլորտներում: Հասնելով մեր (ոչ այնքան ցանկալի) քառասնամյակին ՝ հասկանում ենք, որ մեր կյանքի բուրգի գագաթին ենք և շուտով դանդաղ, բայց անշեղորեն ստիպված ենք ցած իջնել: Աստիճանաբար դերերը փոխվում են, և հաջորդ սերունդներն են տալիս նույն հարցերը, որ մենք էինք տալիս մեր ծնողներին: Փորձելով պատասխանել «ո՞վ ենք մենք և ինչու՞» հարցին՝ խոստովանում ենք, որ ոչ մի պատկերացում չունենք մեր ծագման մասին ՝ բացի «Հին Կտակարանում» նկարագրվածից: Ավագ և ենթադրաբար ավելի իմաստուն սերունդների հետ շփումը ցույց է տալիս , որ նրանց ամբողջ իմաստությունը դուրս չի գալիս մարդկային հարաբերությունների, քաղաքակրթության և փիլիսոփայության սահմաններից, մինչդեռ այս մոլորակում մեր հայտնվելու մասին գլխավոր հարցը մնում է անպատասխան:
Ծերության շեմին պատասխաններ որոնելով հասկանում ենք, որ ինքներս մեզ սովորական երջանկություն ցանկանալուց բացի՝ կյանքի իմաստը մեզ համար վերածվում է մեր անմիջական հետնորդների՝ զավակների ու թոռների համար կյանքի ավելի լավ պայմաններ ապահովելու գործընթացի. նրանց ապագա սերունդների ճակատագիրը տարօրինակորեն հայտնվում է մեր հոգածությունից դուրս: Եվ քանի որ «երջանկությունը» աճի գործընթաց է (ֆիզիկական, մտավոր, ֆինանսական կամ ցանկացած այլ տեսակի), գագաթնակետին հասնելուց հետո աճի նախկին ուժգնության ցանկացած թուլացում հանգեցնում է կյանքի նկատմամաբ հետաքրքրության հնարավոր կորստի: Ի վերջո, մեր անզորությունը խոստովանելով «Նորին մեծություն ժամանակի» առջև և վերջնակետին անխուսափելի վերահասությունը գիտակցելով՝ աստիճանաբար գալիս ենք դեպի ինքնամխիթարական և վրեժխնդիր անհնազանդությանը Երկնքին: «Ես գնալու եմ , բայց իմ հետնորդներն ապրելու են»: Այս ինքնամխիթարական կարգախոսով են միլիոնավոր մարդիկ գնացել և շարունակում են գնալ դեպի անէություն:
Եթե նայենք երկրագնդի բոլոր կենդանի արարածներին կոմպյուտերացված (համակարգչայնացված) դարի տեսանկյունից , ապա կարող ենք նկարագրել մեզ՝ որպես տարբեր ծրագրերի կրողների: Նորածին երեխան ոչ այլ ինչ է, քան «հիշողության նոր չիպ». Նա դիտում է և տեղեկություններ հավաքում, որոնք ստանում է իր կյանքի առաջին օրերից: Տեղեկություններն ինքնաբերաբար են «գրանցվում», և մենք չենք կարող վերահսկել տեղեկություններ ստանալու մեր ձգտումը: Սա հենց այն է , ինչի պատճառով յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր զավակի գիտակցությունը լցնել աշխարհայացքով, որ նման է իր ունեցածին, այլապես այն կլցվի չգիտես ինչով: Անկախ ռասայից և ազգությունից ՝ որոշակի միջավայրում ծնված երեխան կլանում է տվյալ կոնկրետ միջավայրի լեզուն, ավանդույթները և ըմբռնումները:
Մեր կյանքի ընթացքում «բեռնելով» այս կամ այն «ծրագիրը»՝ մենք ձևավորոմ ենք մեր անձերը, և այդ պատճառով էլ մեր ֆիզիկական և ինտելեկտուալ բնութագիրը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.
«Մենք այն ենք, ինչ ուտում ենք» ( սննդի իմաստով), և մենք այն ենք, ինչ կլանում ենք (տեղեկության իմաստով):
Հնարավորություն ունենալով ծանրութեթև անելու բոլոր փաստերը, որոնք մենք հավաքել ենք մեր քաղաքակրթության գոյության ընթացքում, կարող ենք բացատրել մեր Տիեզերքի առաջացումը և , հետևաբար, վերանայել այս այս մոլորակում մեր նախնիների պատմությունը: Այն ամենը, ինչ մենք պետք է անենք, մեր նախնիների փաստարկներն ընդունելը և ամեն ինչին նրանց տեսանկյունից նայելու փորձ անելն է, -ասում է Սիմոն Խաչատրյանը:
«Ես գիտեմ պատասխանները» գիրքը հենց այդ լավագույն փորձերից մեկն է՝ ուրվագծելու մարդկության անցած ճանապարհը: Գրքի հետաքրքրաշարժ գլուխներից մեկը վերաբերում է եգիպտական բուրգերի առեղծվածին: Եթե դրանք պատմահնագետների համար հին փարավոնների դամբարաններն են, ապա նույն կարծիքին չեն շատ աստղաֆիզիկոսներ: Եվ բազում փաստերի հիման վրա ներկայացնելով եգիպտական բուրգերի կառուցվածքը՝ Սիմոն Խաչատրյանը կատարում է ուշագրավ եզրահանգումներ, որոնք ևս գիտության մեջ գոյություն ունենալու իրավունք ունեն. դրանցից մեկը բուրգերի, դոլմենների ՝ այլմոլորակայինների կողմից կառուցված լինելն է.
-Մեր քաղաքակրթության մոլորեցնղ գլխավոր գաղափարն այն է , որ մենք համոզված էինք այս մոլորակում մեր առաջնային հայտնության հարցում: Հենց որ ընդունենք մեզ նախորդող բազմաթիվ քաղաքակրթությունների գոյությունը, յուրաքանչյուր հնագիտական հայտնագործություն կհամարվի պատմական մեկ դարաշրջանի շերտ: Այլ կերպ ասած ՝ այն, ինչ մենք հայտնաբերում ենք այժմ, կարող էր հայտնագործված լինել ավելի վաղ՝ այլ քաղաքակրթությունների կողմից:
Իմանալով շատ պատասխաններ՝ մենք կարող ենք վստահաբար պնդել, որ դոլմենները, բուրգերը և ցանկացած այլ մեգալիթյան շինություն Երկրի երեսին չէին կառուցվել որպես դամբարան կամ կառույց՝ այսպես կոչված դեպի «անդրշիրիմյան կյանք ճամփորդելու» համար: Աստվածների ղեկավարությամբ կառուցված մեգալիթներն անընդհատ ոգեշնչում են մարդկային հաջորդ քաղաքակրթություններին , որոնք փորձում են այս «խորհրդավոր» շինությունները զուգորդել աստվածների հետ հաղորդակցվելու ինչ-որ հեռահաղորդիչ սարքերի հետ: Սա, իհարկե, սնոտիապաշտություն է, բայց երևի ինչ-որ վեցերորդ զգայարան ասում է, որ այս մեգալիթների շինարարությունը առանց աստվածային հպումի չի իրականացել: Հպում՝ բառիս բուն իմաստով,-ասում է Սիմոն Խաչատրյանը:
«Ես գիտեմ պատասխանները» գիրքը ընթերցողին ներկայացնում է նոր փաստեր Հին աշխարհում կառուցված ամֆիթատրոնների, Զատկի կղզու , հնագույն մարդկանց աշխարհի մասին ունեցած պատկերացումների վերաբերյալ:
Այս գիրքը հեղինակի հետ յուրօրինակ ճամփորդություն է նաև նախապատմական ժամանակներում. հնագույն ժողովուրդների ու ցեղերի թողած հիշատակությունների միջոցով պատկերացում ենք կազմում մոլորակի առաջացման մասին, ծանոթանում «հնագույն վկաներին»: Այդ բացառիկ նյութերը՝ հին տեքստերը հավաքվել է Իմանուել Վելիկովսկու «Աշխարհների բախումը» գրքում (1950թ.): Սա Սիմոն Խաչատրյանին թույլ են տվել կազմել ու մեկ անգամ ևս հաստատել շրջադարձի դեպքերն անցյալում: Մենք էլ ներկայացնենք մասունքի արժեք ունեցող այդ պատառիկներից մի քանիսը:
Իփուվերի պապիրուսում ասվում է, որ «Երկիրը շրջվել է բրուտի անիվի նման» և «Երկիրը գլխիվայր վիճկում է»(էջ 127):
Հարիսի «Մոգական պապիրուս». Հարավը դառնում է հյուսիս, և «Երկիրը շուռ է գալիս»:
Սոֆոկլես («Ատրեուսե»). «Զևսը…փոխեց արևի ընթացքը՝ ստիպելով, որ այն ծագի արևելքում և ոչ թե արևմուտքում»(էջ 118):
Պլատոն («Պոլիտիկոս» երկխոսություն). «Որոշակի ժամանակահատվածներում տիեզերքն ունի այժմյան շրջանաձև շարժումը, իսկ այլ ժամանակահատվածներում այն պտտվում է հակառակ ուղղությամբ...Երկնքում կատարվող բոլոր փոփոխություններից այս շրջադարձն ամենամեծն է և առավել ամբողջականը»(էջ 120):
Արևն անշարժ էր, և Լուսինն էր մնացել , մինչև ժողովուրդը սկսեց վրեժ լուծել իր թշնամիներից: Մի՞թե սա գրված չէ Բարեպաշտի գրքում: «Արևը երկնքի մեջտեղում էր և արևմուտք չէր շտապում համարյա մի ամբողջ օր» (Հեսու 10.12-13):
Առաջին դարի լատինացի հեղինակ Պոմպոնիուս Միլան գրել է. «Եգիպտացիները հպարտանում են նրանով, որ աշխարհի հնագույն ժողովուրդն են: Նրանց իրական ժամանակագրություններում…կարելի է կարդալ, որ իրենց գոյության սկզբից աստեղրի ընթացքը չորս անգամ փոխել է ուղղությունը, և որ արևը մայր է մտել երկնքի այն հատվածից, որտեղից այսօր ծագում է»(էջ 118):
- Ի՞նչ գիտական եզրահանգումներ են Ձեզ հուշել այս «հնագույն վկաները»,-հարցնում եմ Սիմոն Խաչատրյանին:
-Պոմպոնիուս Մելան հռոմեացի աշխարհագրագետ էր և, հավանաբար, գրել է իր աշխատանքը մ.թ. մոտ 43-ին: Հին Եգիպտոսի մասին ամենավաղ հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 3100թ-ին: «Աստղերի ընթացքը չորս անգամ փոխել է ուղղությունը» մեջբերումը թույլ է տալիս ասել, որ Երկիրը շուռ է եկել միջինը մոտավորապես 750 տարին մեկ:
…Բևեռների տեղաշարժի մասին հնագիտական վկայություններ կարելի է գտնել ծովի հատակն անցած ափամերձ բազմաթիվ քաղաքներում՝ ողջ աշխարհով մեկ: Նրանցից երկուսը Եգիպտոսի ջրասույզ եղած քաղաքներն են՝ Կանոպուսը և Հերակլիոնը…
«ՀՆԱԳՈՒՅՆ ՎԿԱՆԵՐԸ» ԿԱՄ՝ ԱՆՑՅԱԼԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
«Ես գիտեմ պատասխանները» գիրքը մի յուրօրինակ բանալի է ՝ բացելու մարդկության անցյալի դռները: Մեր առջև դրված հարյուրավոր փաստեր մեզ ստիպում են վերանայել մեր մինչ այս ունեցած գիտելիքները , փնտրել մեր հիշողության մեջ ծանոթ ուրվագծեր: Կարո՞ղ էր արդյոք մարդը գոյակցել , օրինակ , դինոզավրերի հետ: Վաղ մանկուց մեզ տրվում է միայն մեկ պատասխան՝ ոչ: Բայց Սիմոն Խաչատրյանի պեղած փաստերը գալիս են վկայելու հակառակը: Եղել է մարդկային կյանքը հեռավոր ու անհիշելի այդ հազարամյակներում: Եվ հեղինակն այդ էակներին պայմանականորեն կոչում է նախապատմական հսկաներ:
-Ամերիկյան մայրացամաքում 20-րդ դարում երկու ցնցող հայտնագործություններ արեցին,-պատմում է Սիմոն Խաչատրյանը:-1944 թ-ին Մեքսիկայի Ակամբարո քաղաքում(ծովի մակերևույթից 1865 մ բարձրության վրա) գերմանացի ներգաղթյալ Վալդեմար Յուլսուրդը հայտնաբերեց նախապատմական կենդանիների կավե արձանիկներ: Տեղացի մի ֆերմերի օգնությամբ նա հավաքեց 32000 –ից ավելի այդպիսի արձանիկներ:
Իկայի քարերի ՝ Պերուում գտնված հավաքածուն (ծովի այժմյան մակերևույթից 400 մ բարձրության վրա) նույնպես բաղկացած է բազմաթիվ առարկաներից: Խավիեր Կաբրերայի շնորհիվ(նա մասնագիտությամբ բժիշկ էր, որն իր կյանքը նվիրել էր այս արտեֆակտները հավաքելուն և ուսումնասիրելուն) աշխարհն այս արժեքավոր գտածոների մասին իմանալու հնարավորություն ստացավ: Այս գնդաձև անդեզիտային քարերի վրա նույնպես պատկերված էին նախապատմական դինոզավրեր: Բժիշկ Խավիեր Կաբրերան քարերը գնել էր մի տեղացի ֆերմերից: Բայց ինչպե՞ս էին արել այդպիսի փորագրություն: Մեր եզրահանգումները դարձյալ հիմնված են այս արտեֆակտների ՝ հայտնաբերման պահին ունեցած վիճակի վրա: Օրինակ, քարացած ծառն ունի բավականին ամուր կառուցվածք: Քարացման հազարամյա գործընթացից հետո փայտից պատրաստված ցանկացած իր քար է համարվելու: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր մոլորակի հողը արբանյակների արտանետումից առաջ և դրանից անմիջապես հետո ընկած փուլում շատ ավելի փափուկ էր, մենք կարող ենք վստահաբար պնդել, որ փորագրման ժամանակ Իկայի քարերը շատ ավելի փափուկ էին, քան հիմա:
Բացի այս քարերի արտակարգ պնդությունից՝ նշյալ արտեֆակտների կարևոր հատկանիշն այն է, որ դրանց վրա պատկերված են վաղուց մեռած նախապատմական կենդանիների վրա նստած մարդիկ: Սակայն ըստ գիտության՝ մարդիկ նախապատմական նույն դարաշրջանում երբեք չեն գոյակցել դինոզավրերի հետ: Այսպիսով , կա՛մ դինոզավրերն այնքան էլ վաղուց չեն անհետացել, կամ էլ մարդիկ այս մոլորակի վրա գոյություն ունեն արդեն տասնյակ հազարավոր տարիներ:
Էկրանին ցուցադրվում էր այդ արտեֆակտների լուսանկարները, որոնք այսօր էլ զարմանալի են թվում՝ մարդկային մարմնի ճշգրիտ մանրամասներով, առասպելական դինոզավրերի պատկերներվ:
-Իսկ ինչպե՞ս կարող էր մարդը պատկերել դինոզավրերին, եթե դարաշրջաններով նրանք երբեք չեն հանդիպել,-հնչում է հարց ունկնդիրներց մեկի կողմից:
Եվ Սիմոն Խաչատրյանի պատասխանը նույնքան տրամաբանական ու ընդգրկուն է.
-Այո, այժմ մարդիկ շատ ավելի փոքր են, քան արտեֆակտների վրա պատկերվածները: Երկրորդ՝ ցանկացած նկարչի կամ քանդակագործի համար թիվ մեկ կանոնը մարմինների համամասնության համապատասխանությունն է, և հենց այդ է պատճառը, որ այս ոչ սովորական արտեֆակտների հեղինակները չէին կարող նմանատիպ կոպիտ սխալ թույլ տալ: Նրանք նաև չէին կարողանա այս մոդելները ստեղծել՝ ըստ ուրիշների պատմածի, քանի որ պատկերներն այդքան ճշգրիտ չէին ստացվի:
Այս անգին քարերը մեզ համար կարևոր բանալի են տալիս նախապատմական հսկաների (հսկա կենդանիների և մարդկանց) կյանքն ուսումնասիրելու համար: Ի մի բերելով մեր ձեռքի տակ եղած թեկուզ քիչ նյութերը՝ կարող ենք վստահաբար պնդել, որ բուսականության , կենդանիների և մարդկանց հսկա տեսակները վերապրել են Առաջին մեծ աղետը (արբանյակների արտանետման ժամանակը): Եվ ըստ այս նախապատմական պատկերների (Ակամբարոյի արձանիկները և Իկայի քարերը)՝ մարդիկ խաղաղ գոյակցել են դինոզավրերի հետ , և դրա գլխավոր պատճառը բուսականության առատությունն էր:
Ցավոք, այս թեման այժմ երկար քննարկվող նյութ չէ, մենք քիչ փաստեր ունենք հսկաների՝ մեր հեռավոր նախնիների քաղաքակրթության մասին:
Սիմոն Խաչատրյանի այս դիտարկումները լսելով՝ ակամա հիշում եմ հնագույն քաղաքակրթություններ ստեղծած ազգերի՝ այդ թվում հայերիս, բանահյուսական ժառանգության բազմաթիվ դրվագներ, երբ մեր էպոսի կամ դիցաբանության գլխավոր հերոսները նկարագրվում են որպես զորեղ ու հսկայամարմին: Ո՞վ գիտե, գուցե այսպե՞ս է պահպանվել հիշողությունը…
ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ
-Երբ մենք փորձում ենք իր հայրենիքից հեռու որևէ բույս տնկել, մենք միշտ ուզում ենք տեսնել հենց նույն բույսը՝ շատ լավ հասկանալով, որ որ նույն բերքը ստանալու համար մենք պետք է ապահովենք ճիշտ նույն կլիմայական պայմանները, բարձրությունը ծովից և ջրի բաղադրությունը , որ կային տվյալ բույսի հայրենիքում:
Այլ մոլորակներ ուսումնասիրելիս մենք սպասում ենք, որ կգտնենք մեր երկրային պայմաններին նման պայմաններ ՝ մեզ հայտնի բուսական և կենդանական աշխարհով: Եկեք ենթադրենք, որ գոյություն ունեն երկու միանման և կյանքի համար հարմար մոլորակներ: Նույնական երկվորյակների սերունդները, որոնք տեղափոխվել են այդ երկու մոլորակները, երբեք չեն պատկանելու միևնույն ռասային: Երբ մենք գտնում ենք հսկաների աճյունները, ինքնաբերաբար մերժում ենք մեր և նրանց արյունակցական կապի հնարավորությունը: Բայց մենք ունենք նույն գեները, նույն մարդիկ ենք և նույն նախնիների հետնորդները: Միակ տարբերությունը միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք և ապրել ենք,-համոզված է Սիմոն Խաչատրյանը:
«Ես գիտեմ պատասխանները» գրքով հեղինակը փորձել է վերականգնել մարդկության քաղաքակրթությունների միջև խզված կապը: Մինչդեռ Մոլորակը դեռ բազում գաղտնիքներ է թաքցնում անցյալում եղած կյանքի մասին, որոնք տալու են նոր պատկերացումներ մեր ներկայի ու ապագայի մասին: Արկածախնդիր տիեզերագնացներն այսօր փորձում են կյանք որոնել ուրիշ մոլորակներում: Եվ այս համատեքստում Սիմոն Խաչատրյանն ասում է.
-Եթե մենք հանդիպենք մեզ նման մարսեցիների, ապա բացառված չէ մեր և նրանց միջև արյունակցական կապը: Այլ կերպ ասած ՝ մարդկային ռասան , որ հնարավոր է, ապրում է ուրիշ մոլորակների վրա կամ նույնիսկ մեր սեփական մոլորակի ներսում, կարող է ունենալ մաշկի տարբեր գույներ, տարբեր հասակ, ձայնի տարբեր տեմբր, տարբեր ամեն ինչ: Մի բան կարելի է հաստատ ասել. Տիեզերքում յուրաքանչյուր կենդանի արարած իր բնակության միջավայրի արտացոլումն է: Սրա ապացույցը տարբեր ռասաների գոյությունն է մեր մոլորակի, թվում է՝ միատարր մակերևույթին:
Սիմոն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ստեղծվել էր մի աննյութեղեն միջավայր: Ներկաներն ասես, մտովի տեղափոխվել էին նախապատմական ժամանակներ և երկխոսության միջոցով ձգտում էին պարզել բազում անպատասխան մնացած հարցեր: Եվ դարձյալ հարց ունկնդրի կողմից.
-Հնագույն աղբյուրները վկայում են, թե մարդ արարածը ծնունդ է առել Մարս մոլորակում: Ինչո՞վ է հնարավոր սա հաստատել կամ հերքել:
-Ես դրան մեծ կասկածանքով չէի վերաբերվի, քանի որ, ինչպես նշել եմ իմ գրքում, Մարս մոլորակը Երկրից շատ ավելի ծեր է: Եթե Մարսը դիտարկենք որպես անցյալ , իսկ Երկիրը՝ ներկա, ապա Վեներա մոլորակը մեր ապագան է: Եթե մարդկությունն ինքն իրեն չոչնչացնի մինչև Վեներայի սառչելը, ապա մենք մեր հաջորդ հայրենիքը տեղափոխելու հնարավորություն կունենանք: Եթե ենթադրենք, որ Վեներան այժմ գտնվում է մինչ արբանյակների արտանետումը եղած Երկրի ուղեծրում, ապա ապագա «մետրանոց» երկրացիներն այնտեղ տեղափոխվելուց հետո հաջորդ սերունդները չափերով նորից կխոշորանան: Մեր մարմինները պարզապես կհարմարվեն միջավայրին: Հաջորդ սերունդները, որոնք կծնվեն Վեներայում, կհիշեն, որ իրենց նախնիները եկել են Երկիր մոլորակից և ուրիշ ոչինչ: Ճիշտ այնպես, ինչպես այլ երկրներ գաղթած մարդկանց սերունդներն են իրենց ծնողներից լսել իրենց հայրենիքի մասին:
…Մարդկության և մոլորակի անցյալը բացահայտելու քայլերից մեկն էլ բևեռների տեղակայման բացահայտումն է, և ամենից մեծ օգնությունը հնագույն քարտեզներն են: Դրանք միջնադարում աստղգետների ու քարտեզագիրների կողմից կազմված ճշգրիտ տեղեկություններ են, որոնք տեղ են գտել Սիմոն Խաչատրյանի գրքում և լրացնում են դրա գիտական արժեքը:
«Ես գիտեմ պատասխանները» գիրքն ավարտվում է «Տապանը» գլխով: Աստվածաշնչյան սյուժեի միջոցով հեղինակը ներկայացրել ու մեկնաբանել է այն կարևոր փաստերը, թե ինչ նոր քաղաքակրթություն սկիզբ առավ Երկրի վրա՝ Մեծ Ջրհեղեղից և Նոյան տապանի Արարատ լեռան վրա հանգրվանելուց հետո: Իր դիտարկումները Տապանի շուրջ գիտնականների կատարած ուսումնասիրությունների հետ համադրելով՝ Սիմոն Խաչատրյանը ներկայացրել է մարդկության՝ վերջին մի քանի հազար տարիների անցած ուղին: Եվ ընթերցողն ամենայն հավանականությամբ Աստվածաշնչյան պատումների ու պատմական անցքերի, անցյալի ու ապագայի շուրջ մտորումներից հետո հաշիվ կտա ինքն իրեն՝ ի վերջո ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք անում այսօր հանուն մեր սերունդների:
-Պարո՛ն Խաչատրյան, Դուք Ձեր գրքում մանրամասնորեն ներկայացնում եք աշխարհաստեղծման գրեթե ողջ ընթացքը՝ մինչջրհեղեղյան քաղաքակրթությունից մինչև Նոյ Նահապետ, մինչև եգիպտական բուրգեր և միջնադարյան աստղագետներ ու քարտեզագիրներ: Ինչպիսի՞ զարգացում է ապրել մարդկությունն այս անչափելի ժամանակահատվածում,-հարցնում եմ:
-Մարդկությունը միայն անկում է ապրել՝ հոգևոր անկում,-ասում է նա: -Մենք սիրում ենք միմյանց ցավ պատճառել և սպառնալ կյանքից զրկելու հեռանկարով: Եթե դիտարկենք մեր քաղաքկրթության պատմությունը, կտեսնենք, որ պատերազմները բռնկվում են գաղափարախոսությունների, կրոնների, աշխարհաքաղաքական շահերի տարբերությունների և ուրիշի ունեցվածքը զավթելու հասարակ ցանկության պատճառով:
Երկրի երեսին ցանկացած կրոն սովորեցնում է սիրել և հարգել միմյանց, բայց ինչ-որ պատճառով մենք՝ մարդիկս, հակված ենք աստվածացնելու քարոզը և ամբողջովին մոռանալու դրա բովանդակությունը. «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»: Սա ինձ հիշեցնում է մի դրվագ Ծննդոցից, երբ Աստված խնդրում է Աբրահամին զոհաբերել իր որդուն:
Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի ու մորթի իր որդուն:
Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»:
Սա պատասխանեց նրան. «Այստեղ եմ»:
Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որևէ վնաս մի՛պատճառիր, որովհետև այժմ համոզվեցի, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չես խնայի քո որդուն» (Ծննդոց 22.10-12):
Այդ պահին լավ կլիներ լսել Աստծո ձայնի հնչերանգը և տեսնել նրա դեմքը: Գուցե այն սարսափ էր արտահայտում իր ստեղծած մարդկանցից, որովհետև մահկանացուն պատրաստ էր սպանել այլ մարդու (էլ չասած այն, որ դա իր սեփական որդն էր)՝ միայն հանուն հավատի: Վեհ «հավատը» իրականում միշտ մթագնում է մեր ուղեղները և ստիպում մոռանալ ինտելեկտի ու մարդկայնության մասին: Աբրահամի ՝ սեփական որդուն սպանելու պատրաստակամությունը երևի կվշտացներ և կհիասթափեցներ Աստծուն այնպես, ինչպես իրար դեմ պատերազմող զավակներին տեսնող ցանկացած ծնողի:
Կրոնական բնույթի մեր մշտական պատերազմները կարելի է համեմատել այն մարդկանց թշնամության հետ, ովքեր հայտնվել են կղզու վրա և տառապում են հիշողության կորստից: Չկարողանալով հիշել այդ կղզում իրենց հայտնվելու պատճառները՝ մարդիկ սկսեցին վերլուծել բազմազան վարկածներ: Սկզբում նրանք իրար պատմում էին ենթադրությունների մասին: Թվում էր, թե աստիճանաբար խաղաղ բանավեճերն սկսեցին վերածվել փաստարկների միայն մեկ կոնսենսուսով, որ իրենց բոլորին այդտեղ է «դրել» ավելի հզոր մեկը, քան իրենք են: Բայց կա՛մ հիշողության կորստի, կա՛մ համաձայնության գալու ցանկության բացակայության պատճառով նրանցից ամեն մեկը սկսեց առաջ քաշել իր սեփական գաղափարն այն էակների մասին, ովքեր կարող էին նրանց տեղավորել դրախտային այս կղզում: Ի վերջո, նրանց միջև պայքարն անխուսափելի էր, և նույնատիպ գաղափարներով մարդիկ սկսեցին միավորվել ՝ մյուսներին ոչնչացնելու համար: Եվ այս, թվում է, զվարճալի պարադոքսը կոչվում է մարդ:
…Մարդն, ապրելով պատմության այս անվերջանալի շրջապտույտի մեջ , արդի տեխնոլոգիաների աշխարհում շարունակում է ուսումնասիրել իր նախապատմական սկիզբը, Տիեզերքը և մոլորակները: Մարդու երևակայության թռիչքը հասել է այնտեղ, որ մի շարք երկրներ ու գիտական կենտրոններ , ինչ-ինչ ռազմավարական նպատակներց ելնելով, որոշել են գաղութացնել Լուսինը, կյանքի հետքեր են որոնում Մարսի վրա, բացահայտում այլ գալակտիկաներ…Որտե՞ղ են տանելու այս զարգացումները մարդկությանը : Դժվար է ասել: Բայց անցած հազարամյակների պատմությունը ցույց է տվել , որ Տիեզերքում ու բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում: Եվ 14-րդ դարի հեռավորությունից այսօր ասված ճշմարտության պես հնչում է Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, փիլիսոփա, դասախոս, րաբունապետ Գրիգոր Տաթևացու այս բանաձևը. «Մի գոյերի ոչնչացումը մյուսների առաջացումն է: Այս անվերջ շարժման մեջ ոմանք ոչնչանում են,մյուսներն առաջանում, ամբողջը հավերժ գոյություն ունի»:
Անցյալի հիշողությունը փնտրող ու հաղորդող Սիմոն Խաչատրյանը շարունակում է իր նոր բացահայտումները, որոնք մենք կարդալու ենք նրա հետագա գրքերում: Եվ դեռ շատերն են նրա հայացքով նայելու Տիեզերքին ու աշխարհի պատմությանը՝ ասելով. «Ես գիտեմ պատասխանները»…
Հասմիկ Պողոսյան
Լուսանկարները՝ Գագիկ Պողոսյանի
Newsmedia.am Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից