Տիգրան Խաչատրյանը ՔԿՀ բուժմասում բուժվում է տարբեր հիվանդություններից
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը շուրջ մեկ ամիս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում, որտեղ բուժվում է տարբեր հիվանդություններից:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Ինչպիսի՞ն է ներկայումս մեղադրյալի առողջական վիճակը» մեր հարցին ի պատասխան՝ Գ.Ղլեչյանը հայտնեց, որ Տ.Խաչատրյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մարզպետի որդին մեղադրվում է հիշյալ միջադեպի ընթացքում Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Նրա կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, բողոքը մերժվել էր:
Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ անիմաստ է համարել կալանավորման հարցով բողոք ներկայացնել նաև Վճռաբեկ դատարան. վերջինս երկամսյա կալանավորման որոշման դեմ բողոքը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշում կայացնում է երեք ամսվա ընթացքում:
«Փաստինֆո»
