Տնտեսական խնդիրների շուրջ անհանգստությունն արդեն պատել է իշխանություններին
Fnews.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով վարչապետի հակակոռուպցիոն ծրագրի մասին հայտարարությանը, մասնավորապես նկատեց, որ, եթե նման բարձր մակարդակից է շեշտադրված կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը, ուրեմն նշանակում է այլընտրանք չկա:
Տնտեսագետ Բոստանջյանը կարծում է, որ երկրի արատավոր երևույթների դեմ գործընթացը սկսված է: Որպես այդպիսիք նա առանձնացնում է կոռուպցիոն ռիսկերը, մենաշնորհը և ոչ ցանկալի ծասխերը, որոնցից մեկը՝ ծառայողական մեքենաների հետ կապված ավելորդ ծախսերն էին, որ կրճատվեցին: «Ծառայողական մեքենաները ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեից ձեռք բերվող և դրանց շահագործումն ու սպասարկումն ապահովող ծախսեր, ծախսեր, ծախսեր: Եթե հիմա այդտեղ շեշտադրում ենք մոտ 800 մեքենայի օտարումը, սա առնվազն նշանակում է, որ այդքան ծախսեր (իսկ դրանք Հայաստանի հանրապետության համար մեծ ծախսեր են), պետությունն այլևս չի անի»,-ասաց Բոստանջյանը:
Տնտեսագետն ընդգծում է նաև, որ քառօրյա պատեազմը ցույց տվեց, թե ինչ տնտեսական խնդիրներ ունենք: «Անկախ նրանից, որ մենք մեր զինվորների ոգու ուժով ցույց տվեցինք, որ կարող ենք դիմակայել, սակայն ունեինք որոշակի բացթողումներ, սպառազինության պակաս, որի ձեռք բերման համար հարկավոր էր կտրուկ քայլեր ձեռնարկել»,-նկատեց Վարդան Բոստանջյանը: Նրա որակմամբ` թեև երկրի տնտեսական վիճակը լավագույներից մեկը չէ, սակայն նա բոլորին հորդորում է անկախ ամեն ինչից լավատեսորեն տրամադրվել.«Վատատեսությունը չարորակ ուռուցքի պես մի բան է և սխալ միջամտությունը կարող է բացասական քայլերի հանգեցնել: Տնտեսական խնդիրների շուրջ անհանգստությունն արդեն պատել է իշխանություններին, դա ինձ հույս է ներշնչում, որ պետք է գնանք այդ խնդիրների լուծման ուղղությամբ, հակառակը՝ մեզ կտանի կործանման»,-եզրափակեց Բոստանջյանը:
