Թրաֆիքինգի զոհերը սկսել են ավելի շատ դիմել ոստիկանությանը. Ոստիկանության գնդապետ
Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում Հայաստանում վերջին տարիներին փոփոխությունները դրական են, մարդիկ սկսել են ավելի շատ դիմել ոստիկանությանը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
«Պետք է նաև նշեմ հասարակական կազմակերպությունների դերն այս առումով, որովհետև երբ քաղաքացին տեսնում է, որ հասարակական կազմակերպությունը շատ սերտ համագործակցում է ոստիկանության հետ և հակառակը, իհարկե, վստահությունը նաև բարձրանում է ոստիկանությանը դիմելու առումով»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ոստիկանության ընդհանուր կերպարի փոփոխությունը նույնպես բերում է նրան, որ մարդիկ ավելի շատ են սկսել դիմել իրենց: Եթե նախկինում՝ մոտ երեքից հինգ տարի առաջ, բացահայտված դեպքերը բացառապես օպերատիվ հետախուզության արդյունք էին, այսօր արդեն ավելի շատ քաղաքացիներն են դիմում։
«Նույնիսկ դիմում են այն քաղաքացիները, որոնց նկատմամբ կատարվածը թրաֆիքինգ չէ, բայց շրջաններից հասնում են Երևան, որպեսզի ավելի մասնագիտացված ստորաբաժանման դիմեն»,– ասաց նա:
Հարցին, թե հայ հասարակության հոգեկերտվածքից ելնելով ինչ դժվարություններ կան այդ հանցատեսակի բացահայտման գործում, ոստիկանության գնդապետը պատասխանեց, որ կարելի է առանձնացնել պոռնկության շահագործման դեպքերը:
«Բնականաբար, այն զոհերը, որոնք ենթարկվել են պոռնկության շահագործման, իրենց հարազատ երկրում խուսափում են ճանաչված լինել այդպիսին: Նրանք կարծում են, որ էլի իրենք են մեղավոր, հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ իրենք ստիպված են արել այդ ամենը, խուսափում են այդ ամենը որևէ մեկին պատմելուց: Եվ սա հիմնական խոչընդոտն է, բայց Ոստիկանության կողմից որևէ գաղտնիք չի հրապարակվում, դա օրենքով կարգավորված է»,– ասաց նա:
Տիգրան Պետրոսյանը նաև նշեց, որ թրաֆիքինգի բացահայտման գործում երբեմն բարդություններ են ստեղծում նաև լրատվամիջոցները, երբ նույնականացնում են զոհի բոլոր տվյալները և հրապարակում՝ այդպիսով միգուցե և ֆիզիկական վնաս հասցնելով զոհին:
