Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին «մահացու ուժ» կիրառելու իրավունք է տվել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել երկրի հարավային սահմանին տեղակայված ու Լատինական Ամերիկայից ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավաններին» սպասող 5.900 զինծառայողներին անհրաժեշտության դեպքում «մահացու ուժ» կիրառել: Հրապարակումն արել է Newsweek-ը՝ հիմնվելով նախագահի ստորագրած փաստաթղթի վրա: Ըստ փաստաթղթի՝ հետախուզությունը հստակ ապացույցներ ունի առ այն, որ ԱՄՆ սահմանին մոտեցող հազարավոր լատինամերիկացի ներգաղթյալները կարող են բռնություն կիրառել, խախտել հասարակական կարգը՝ վտանգ ներկայացնելով սահմանապահների համար: Թրամփի ստորագրած փաստաթուղթը զինծառայողներին իրավունք է տալիս անհրաժեշտության դեպքում ցույց տալ կամ կիրառել մահացու ուժ, վերահսկել ամբոխը, բերման ենթարկել, խուզարկել: Հաղորդվում է, որ մահացու ուժի կիրառման համար որոշում է ստորագրել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին: Մինչդեռ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջիմ Մեթիսը նշել է, որ զինծառայողները մահացու ուժ կիրառելու իրավունք կունենան միայն այն դեպքում, եթե Ներքին անվտանգության ծառայությունից համապատասխան հրահանգ ստանան: Հայտնի է, որ Մեքսիկայի հետ սահմանին մոտ 6.000 զինծառայողաների տեղակայումն ԱՄՆ-ին 210 մլն դոլար կարժենա: