«Տրանսպորտային ընկերությունները սնանկացման վտանգի առաջ են». Մեխակ Ապրեսյան
Արդեն հայտնել էինք, որ տուրիստական ընկերությունների ավտոբուսների վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն: Հարցին, թե դիմե՞լ են կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերից օգտվելու համար, ակցիայի մասնակիցները պատասխանեցին. «Տուրիզմի ոլորտի հետ կապված մինչև օրս էլ առանձնապես լուրջ բան արված չէ: Այդ աջակցության միջոցառումների հեղինակները տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում տվյալ ոլորտում: Մենք փոքր և միջին բիզնես ենք համարվում և մեր հիմնական միջոցը տրանսպորտն է: Օրինակի համար ասվում է, որ կառավարության աջակցության ծրագրով երեք ամսվա աջակցություն են տալիս՝ հարկեր, վարձակալություն, հոսանք և այլն. մենք երեք ամսվա մասին չենք խոսում ընդհանրապես, մենք այստեղ չենք խոսում միայն հարկեր վճարելու մասին, մենք խոսում ենք տարվա կտրվածքով զարգացման մասին, որ ոչ թե մենք ստիպված լինենք այս տրանպորտը որպես երկաթ մաս-մաս վաճառել, այլ կարողանանք զարգացնել, մի բան էլ նորերը ներմուծենք, որ կարողանանք մյուս տարվա սեզոնի սկզբին զարգացնել: Որովետև արդեն կարելի է համարել, որ տուրիզմի համար այս տարվա սեզոնը վերջացավ»:
Ակցիայի մասնակից Տիգրան Ղահրամանյանը նշեց, որ աջակցության ծրարգերին երեք կետով դիմել են և մերժում ստացել, քանի որ չեն համապատասխանում կառավարության ներկայացրած չափանիշներին և միջոցառումներում իրենց ոլորտն այդ համատեքստում լավ ուսումնասիրված չէ։
Ակցիայի մասնակիցներն օրինակ բերեցին այն հանգամանքը, որ տարեկան կտրվածքով իրենք եկամուտ են ունենում միայն ամռան ամիսներին. «Տուրիզմը սեզոնային ոլորտ է: Ծրագրերում կան մի շարք կետեր, որոնք ի սկզբանե խոչընդոտում են, որ տնտեսվարող սուբյեկտներն օգտվեն այդ աջակցություններից»,- նշեց Ղահրամանյանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է:
«Զբոսաշրջության ոլորտը կանգնած է իրական խնդրի առաջ: Տուրիստական տրանսպորտային ընկերությունները ևս սնանկության վտանգի առաջ են, որովհետև ունեն զգալի վարկեր, չեն կարող մարել և չունեն եկամուտներ»,- ասաց Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ հարցի լուծումն ունի երկու ճանապարհ. կա՛մ ողջամիտ ժամկետներով պետք է վարկային արձակուրդ տրամադրվի ընկերություններին, կա՛մ կառավարության աջակցության միջոցառումների մեջ ներառվի մի կետ, որով տրամադրվող արտոնյալ վարկային միջոցները թույլ կտան օգտագործել առկա վարկային պարտավորությունները մարելու համար. «Դրանով և՛ զբոսաշրջության ոլորտը փլուզումից կփրկենք, և՛ բանկային համակարգը»,- նշեց Ապրեսյանը:
