«Թշնամին հասկանում է միայն հակահարվածի լեզուն, այն եղել է, իսկ զոհերի թվի իսկությունը քողարկում են»
Այն, որ հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված վերջին օրերի աննախադեպ լարվածությունը, որի հետեւանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր ու վիրավորներ, հնարավոր է լայնածավալ ռազմական գործողությունների վերաճի, Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ հավանական է համարում, քանի որ դա, ըստ նրա, նախ գերտերություններին ձեռնտու չէ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Դ. Բաբայանը նշեց, թե այս լարված իրավիճակն ուղղակի ապրելակերպ է դարձել հակառակորդի համար: «Սա արդեն վաղուց դարձել է իրենց պահելաոճը, ապրելակերպը, ու հանդիպումները պարզապես առիթ են, որ ավելի սաստկացնեն զինադադարի ռեժիմի խախտումները: Բայց բազմաթիվ անգամ նշել ենք, որ Ադրբեջանն իր էությամբ ֆաշիստական պետություն է, հետեւաբար այդպես էլ պետք է պահի իրեն: Եվ միակ հսկող ուժն այն է, որ կլինի համապատասխան ուժեղ հակահարված, ու դա է ագրեսորին զսպում»,- նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակը:
Ըստ Դ. Բաբայանի՝ ստեղծված իրավիճակում թշնամուն սանձելու միակ ելքը նրան հակահարված հասցնելն ու լռեցնելն է: Փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրը բանակցությունների լեզուն չի հասկանում:
Իսկ հակահարված հայկական կողմն արդեն տվել է, հակառակորդ կողմն, ըստ Բաբայանի, ունի մեծ թվով զոհեր ու վիրավորներ, սակայն ադրբեջանական ազգաբնակչությանն այդ երկրի իշխանությունները դեռեւս կեղծ լուրեր են ներկայացնում:
«Ընդհանրապես իրենք ունեն մեծ քանակությամբ զոհեր, պարզապես թաքցնում են, քողարկում են այդ զոհերի իսկությունը, այնուհետեւ մոտակա ամիսներին ինչ-որ ձեւով տալիս են զոհերի մասին տեղեկություններ՝ մեկին օձ է կծել, մյուսը թունավորվել է, այլ ձեւով են ներկայացնում, բայց այն, որ ունեն մեծ թվով զոհեր, կարծում եմ, որ համապատասխանում է իրականությանը, այսինքն կան այդպիսի տվյալներ: Երբ որ տրվում է հակահարված, մի քիչ հանգստանում են, բայց սա Ադրբեջանի ապրելակերպն է, ու միակ զսպիչ ուժը դա նրան մշտական հակահարված հասցնելն է»,- գտնում է մեր զրուցակիցը:
Շարունակությունը`galatv.am-ում
