Թշնամին վախենում էր «Մառոզ» Ալեքսան Առաքելյանից. հրաժեշտ տվեցին զոհված փոխգնդապետին (տեսանյութ)
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգիստը:
Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ կռվի ժամանակ: Ինչպես հարազատներն են պատմում, Ալեքսանի քաջ լինելու մասին հակառակորդն է իմացել:
«Ինքը շատ անվախ էր, իրանից շատերը կվախենային, իրեն նույնիսկ «Մառոզ» կասեին. թշնամին մի քանի անգամ հասցրել էր հասկանալ Ալիկի քաջ ու անվախ լինելու մասին»,- պատմեցին բարեկամները:
Ալեքսանն իր ընկերների հետ դիրքեր է մեկնել, երբ իմացել է հակառակորդի հարձակման մասին: Հակառակորդը, սակայն դիրքերում շրջափակել է նրանց մեքենան. «Տղերքը հասցրել են իջնել, կրակել թշնամուն... Ալիկին խփել են, երբ ինքը շրջվել է, որ մյուս զենքը վերցնի»:
Հարեւանների պատմելով՝ Ալեքսանն իրեն երբեք ժամկետային զինծառայողներից վեր չէր դասում:
Նշենք, որ Ալեքսան Առաքելյանն արդեն 10 տարի բնակվում էր Արցախում կնոջ եւ երկու երեխաների հետ:
«10 տարի առաջ գնաց Ղարաբաղ ու ասում էր՝ իմ հարազատ երկիրն է, հոգով էր ապրում Ջրակնի, ասում էր՝ առանց էդ գործի ու Ջրակնի անիմաատ է կյանքը, շատ էր կապված Ղարաբաղին»,- նշեց ընկերներից մեկը:
Զոհված փոխգնդապետի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 13-ին:
