Տուլայի վթարի վարորդը պատրաստ է կրել իր պատիժը
Նոյեմբերի 3-ին Տուլայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր հետ կապ են հաստատել և նրա մոտ ամեն ինչ լավ է: «Դժգոհություններ չուներ կալանավայրից, ասում է ամեն ինչ լավ է, և հաշվում օրերը թե երբ է այնտեղից դուրս գալու: Եղբյարս այն կարծիքին է, որ իր անմեղությունը կապացուցվի և ազատության մեջ կլինի: Առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ լավ է, հանրային պաշտպանի միջոցով կարողանում ենք հետ կապ հաստատել»,-ասաց եղբայրը: Խոսելով Գառնիկի ընտանիքի մասին Հարությունն ասաց, որ որդիները ծառայում են բանակում: «Շուտով տղաները կզորացրվեն բանակից, ու կարծում եմ ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե եxբորս պատասխանատվության էլ ենթարկեն, ապա նա արժանապատվորեն իր պատիժը կկրի»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ժամը 03.08-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: Զոհվել էին 9, տուժել՝ 42 քաղաքացի: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը:
Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հատկացվել: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի տրամադրվել է 1,5 մլն դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին 500 հազարական դրամ:
