Թուրք երգչուհին հայկական դրոշի գույներով զգեստ է կրել, ինչը զայրացրել է ադրբեջանցիներին
Ermenihaber.am-ի փոխանցմամբ թուրք հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Հադիսեի՝ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ կրած զգեստը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը:
Վկայակոչելով թուրքական «haber7.com» լրատվական կայքը, աղբյուրը գրում է, որ մրցույթը վարելիս Հադիսեն կրելիս է եղել բազմագույն գծավոր զգեստ, որի վրա ուշադրություն է գրավել Հայաստանի եռագույն դրոշը հիշեցնող գունային հորիզոնական շերտերի (նարնջագույն, կապույտ, կարմիր) հաջորդականությունը:
Հայկական դրոշի գույներով այդ զգեստը չի վրիպել ադրբեջանցիների ուշադրությունից: Ադրբեջանական մամուլում հաղորդավարուհու զգեստը լայնորեն քննարկվել ու քննադատվել է: Մասնավորապես ընդգծվել է այն հանգամանքը, որ «հայկական» զգեստով Հադիսեն ներկայացրել է ազերի երգչուհու ելույթը:
