Թուրքերի նախաձեռնած հակահայկական ստորագրահավաքը 100.000-ից ավել մասնակից է գրանցել
Թուրքիայի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ստորագրահավաքը, որով կոչ է արվում հայկական կողմին դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից, ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել:
Սպիտակ տան պաշտոնական կայքի «We the People Petitions» բաժնում սկսված ստորագրահավաքի մասին խոսել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Նեջդեթ Ունուվարը:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի` Ունուվարը մասնավորապես ասել է, որ սա դիվանագիտական գրոհ է: Տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին սկսված ստորագրահավաքի մասնակիցների թիվն արդեն հասել է 125 հազարի:
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ 100.000 ստորագրություն հավաքելու դեպքում Սպիտակ տունը սովորաբար արձագանքում է ստորագրահավաքի պահանջներին:
Նշենք, որ ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հայտարարել էր ստորագրահավաքին աջակցելու մասին: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով ԱԶԿ-ի ենթակառույցներին ցուցում էր տրվել. «Անհրաժեշտ է, որ մեր բոլոր կառույցներն իրենց ողջ հնարավորություններով սատարեն այս ստորագրահավաքին»:
