Թուրքիայի արձագանքը՝ Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Բելգիայի խորհրդարանի կողմիցՀայոց ցեղասպանության ընդունման փաստին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ խորհրդարանի որոշումն «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող» է որակել։
Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի համար։
«Այդ և նման որոշումները հայ-թուրքական հաշտեցմանը որևէ կերպ չեն աջակցում։ Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդար ձևով մեղադրող, պատմական իրողություններն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այդ որոշումը»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը հակասում է «Թուրքիայի և Բելգիայի միջև ձևավորված հարաբերությունների ոգուն» և կարող է վնաս հասցնել դրանց։
Հիշեցնենք, որ Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով որոշումը, ասել էր հետևյալը. «Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը:
