Թուրքիայում ցուցմունք են տալիս Դինքին չպաշտպանած պաշտոնյաները
Նշանավոր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն առնչվող գործով հիշատակվող պաշտոնյաների առնչությամբ գործընթացն արագացել է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից վճռի հրապարակումից հետո Ստամբուլի դատախազությունում շարունակում են հարցաքննվել պաշտոնյաները, գրում է «Ակօս»-ը:
Մինչ այժմ ցուցմունք են տվել Սաբրի Ուզունը, Ռամազան Աքյուրեքը և այլ պաշտոնյաներ:
Այժմ ցուցմունք տալու համար կանչվել են Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը:
Ակնկալվում է, որ հարցաքննության կկանչվեն նաև Տրապիզոնի ոստիկանության ու ժանդարմերիայի պաշտոնյաները:
Դինք ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըջըօղլուն հիշեցնելով, որ այդ ժամանակահատվածում Դինքին բազմաթիվ սպառնալիքներ են ուղղված եղել, նշել է, որ նրա կյանքը պահպանելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
Լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվել են վերնագրեր, որոնք Հրանտ Դինքի հանդեպ ատելություն են սերմանել՝ նրան ազգայնականների թիրախ դարձնելով: Ստամբուլի ոստիկանություն էլ բազմաթիվ տեղեկություններ է ստացել նախապատրաստվող մահափորձի մասին:
Դինքի սպանության գործի քննության 7 տարիների ընթացքում բացահայտվել է, որ Ստամբուլի ոստիկանությունն այդ ամենը կանխելու համար որևէ քայլ չի ձեռնարկել:
Դինքը նաև մահվան սպառնալիքով նամակներ է ստացել, որոնք ևս հաշվի չեն առնվել, չնայած Շիշլիի դատախազությունն իմացել է դա:
