Տղամարդը գոռում էր՝ օգնեք, շտապօգնություն զանգեք, ապա նաև՝ մի մեռիր, մի մեռիր
Իր ծանոթ տղամարդու սպանության մեջ մեղադրվող Արմեն Յավրումյանի գործով այսօրվա դատական նիստին երկրորդ անգամ անընդմեջ չէր ներկայացել գործով վկան: Եվ քանի որ հնարավոր չէր եղել պարզել նրա բնակվելու վայրը, դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:
Կին վկան դեպքի ժամանակ բնակվել է նույն հանրակացարանային շենքում, որտեղ և տեղի էր ունեցել սպանությունը: Ըստ նրա նախաքննական ցուցմունքի, ինքը լսել է տղամարդկանց վիճաբանության ու գոռգոռոցի ձայներ, սակայն կոնկրետ ինչ էին գոռգոռում, վկան չի հայտնել՝ խանգարել է հեռուստացույցի բարձր ձայնը: Վկան ուշադրություն չի դարձրել նաև, թե որքան է տևել վիճաբանությունը:
Մի փոքր անց վկան լսել է մի տղամարդու ձայն, վերջինս գոռում էր՝ օգնեք, շտապօգնություն զանգեք, ապա նաև՝ մի մեռիր, մի մեռիր: Վկան առանց տնից դուրս գալու զանգահարել է շտապօգնություն և հայտնել, որ վիճաբանություն է եղել, ինչ-որ մեկը վատ է զգում: Շտապօգնություն զանգահարել է ևս մեկ անգամ, որտեղից ասել են, որ շտապօգնությունը գալիս է: Ավելի ուշ, երբ արդեն ոստիկանները դեպքի վայրում էին, տեսել է գետնին ընկած մի տղամարդու, ով մահացած էր: Վկան հայտնել է, որ փորի շրջանում տղամարդու հագուստն արյունոտ էր և հասկացել է, որ ինչ-որ մեկը սպանել է նրան:
Մանրամասները՝pastinfo.am-ում
