Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը`իր անձի շուրջ պտտվող լուրերի ու հերյուրանքների մասին
Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի եւ այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ: Մամուլի հրապարակման մեջ մասնավորապես նշված էր."Պարզվում է` դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակություններին, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով` տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել":
Թե որքանո՞վ է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, եւ առհասարակ ի՞նչ հանդիպում է եղել դեսպանի եւ Ուկրաինայի ԱԳ-ն նախարարի առաջին տեղակալի հետ, Fnews.am-ը փորձեց պարզել անձամբ Ոկրաինայում ՀՀ դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով կտրականապես հերքեց տարածված լուրերը, ավելին, դեսպանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դատի տալ լուրերը տարածողներին: Անդրանիկ Մանուկյանն իր խոսքում նշեց նաեւ.
-Այդ լուրեր տարածողները պատվեր են իրականացնում, նրանց նպատակն է` կեղծ հերյուրանքներ տարածել դեսպանի հասցեին: Դա իրականության հետ որեւէ աղերս չունի, դեսպանատունը նման լիազորություններ չունի, դիվանագիտական պետահմարանիշները տալիս է Ուկրաինայի պետավտոտեսչությունը` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հանձնարարականով: Եթե այդպիսի կոնկրետ դեպք է եղել, ապա թող այդ գրողները նշեն որեւէ մի քրեական հեղինակության անուն, որին ես կամ դեսպանատունը տվել է դիվանագիտական, այն էլ կեղծ պետհամարանիշներ: Դա լուրջ քրեական մեղադրանք է իմ անձի դեմ ուղղված, եւ ինձ թվում, որ շատ շուտով այդ կեղծ լուրեր տարածողները եւ դեսպանին վարկաբեկողները կկանգնեն դատարանի առջեւ: Ի՞նչ է նշանակում կեղծ պետհամարանիշներ տրամադրել, դա ոչ այլ ինչ է քան մերկապարանոց հայտարարություն, ըստ որի դեսպանատունը հանցագործություն է կատարում: Ստացվում է, որ տարիներ շարունակ ես Ուկրաինայում կատարել եմ հանցագործություն եւ այդ հանցագործությունների շարքը մնացել է անպատի՞ժ: Դե հիմա կտեսնենք, թե ովքեր են հանցագործներ, ես հետամուտ եմ լինելու` պահանջելու եմ, որպեսզի պարզվի,ամեն ինչ ստուգվի: Նաեւ պետք է խնդրեմ, որ այդ տեղեկատվությունը տարածողներին ընդգրկեն ստուգող հանձնաժողովում` տեղում ստուգեն, պարզեն: Իսկ մեղավորները պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Եթե պարզվի, որ դեսպանատունը իսկապես նման բան է արել, ապա ես գտնում եմ, որ դրա համար պետք է կատարողը խստագույնս պատժվի: Իսկ եթե ապացուցվի, որ դրանք հերյուրանքների ժանրից են, որի մեջ ես համոզված եմ, ապա կեղծ լուրեր շրջանառողները եւ դեսպանատանը վարակաբեկողները պետք է օրենքի առաջ պատասխան տան: Իմ մասին միշտ ադրբեջանցիներ են գրում, եւ չեմ ուզում անգամ մտածեմ, որ այդ տեղեկատվություն տարածողները ադրբեջանցիների պատվերն են իրականացնում, որովհետեւ մտածում եմ, ամեն դպքում ինչքան էլ ստորություն իրենց մեջ կրեն, միեւնույն է կրում են հայի ազգանուն:
Տաթեւիկ Աբրահամյան
