Ուղեղում ուռուցքի առկայությունը դեռ չի նշանակում, որ քաղցկեղով եք տառապում
Ուղեղում ուռուցքի առկայությունը դեռ չի նշանակում, որ դուք քաղցկեղ ունեք, հավաստիացնում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:
Նրանց խոսքով, կան ուղեղի ուռուցքի բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը բարորակ են, մյուսները՝ չարորակ: Հասկանալ, թե որ խմբին է պատկանում տվյալ ուռուցքը՝ բժիշկներին օգնում է ուռուցքի պատկերը, որը ստանում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, նաև հիվանդի ախտանիշները ու կլինիկական պատմությունը, նշում է նեյրովիրաբույժ Պաբլո Ռեկինոսը: Իսկ եթե այդ տվյալները բավարար չեն ախտորոշման համար, բժիշկները կարող են նաև բիոպսիա անել:
Բարորակ ուռուցքը նույնպես բուժման կարիք ունի
Նույնիսկ եթե ուռուցքը բարորակ է, այն միևւնույն է կարող է աճել ու ճնշել հարակից մասերին: Դիրքով պայմանավորված՝ այն կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել, հատկապես եթե մոտակայքում կարևոր նյարդեր կան:Բուժման շրջանակում բժիշկները սովորաբար ձգտում են հեռացնել ուռուցքը կամ դրա մի մասը՝ որքանն ապահով է հիվանդի համար:
«Եթե ուռուցքը կպած է կարեւոր ներվի կամ երակի, դրա հեռացումը կարող է վտանգավոր լինել այդ ներվի ու երակի համար, ու այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել ուռուցքի միայն մի մասը հեռացնել»,- նշեց բժիշկ Ռեկինոսը:
Հեռացնելուց հետո բժիշկները պարբերաբար հետազոտություններ են անում ՄՌՏ կամ էլ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ լավ է անցել ու ուղեղի վրա ոչ մի ավելորդ բան չի մնացել, ինչը հետագայում կարող է ուռուցքի կրկնման պատճառ դառնալ:
Եթե ուռուցքի մնացած մասը սկսում է աճել, ճառագայթային բուժում, կամ ռադիովիրաբուժություն է պահանջվում: Իսկ ահա քիմիաթերապիա բարորակ ուռուցքների բուժման ժամանակ սովորաբար չեն կիրառում՝ հազվադեպ բացառություններով:
