Ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա և չի ունեցել մարտական զենք
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված ԼՂՀ ՌՕՈՒ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, ուստի Ադրբեջանի մեղադրանքները որևէ հիմնավորում և արդարացում չունեն: Մինչդեռ իրենք թույլ են տվել զինադադարի պայմանագրի խախտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե անգամ հայկական ուղղաթիռը մոտիկ է եղել շփման գծին, այն խոցելը միջազգային նորմի և հրադադարի խախտում է, քանի որ ուղղաթիռն իրենից վտանգ չի ներկայացրել. տեսանյութում հստակ երևում է, որ այն մարտական զենք չի ունեցել, այլապես այն տեսանելի կլիներ:
«Այդ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցը՝ «Իգլան», երբ մենք ուսումնասիրում ենք տեսանյութը, հստակ հասկանում ենք մի բան. այդ հրթիռի արագությունը 570 մ/վ է, և քանի որ կրակոցից հետո մինչև ուղղաթիռը հասնելը տևում է 3,4 վայրկյան, դա նշանակում է` ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, այնպես որ ծիծաղելի է Բաքվի հայտարարությունը, թե ՄԻ-24 ուղղաթիռը ներխուժել է Ադրբեջանի տարածք և փորձել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է բացվեր, իրենք հայտարարեցին, թե կհարվածեն և նույն ԻԿԱՕ-ն արձագանքեց, որ անթույլատրելի է ինքնաթիռը խփելը, եթե այն սպառնալիք չի ներկայացնում: Ինքնաթիռը խփում են միայն այդ դեպքում, թե չէ դեպքեր կարող են լինել, երբ ուղղաթիռը կամ ինքնաթիռը հնարավոր է շեղվի, սա ավիացիա է` մեծ արագություն»,-մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ պնդելով, թե Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի և նրա խնդիրը ՀՀ-ին և Արցախին մշտական լարվածության մեջ պահելն է:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, Վաղարշակ Հարությունյանը չնայած կողմերին ուղղված կոչերին, դրանցում Ադրբեջանին ուղղված մեղադրանք է տեսնում, միևնույն ժամանակ հստակ է՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք, իսկ այդ կառույցներն ընդամենն այս ճանապարհին որոշակի ռեսուրս են: Ըստ այդմ՝ բացի ռազմական պատասխանից, որի ուժգնության մեջ չպետք է կասկածել, ըստ զինվորականի, անհրաժեշտ է ուժեղացնել դիվանագիտությունը և բոլոր միջազգային հարթակներում ապացուցել, որ Ադրբեջանն է զինադադարի խախտողը, նա չպետք է իրեն անպատիժ զգա:
