Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց համակարգչային լսարան
Նոյեմբերի 20-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց կահույքով, ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովումներով հագեցած հերթական համակարգչային լսարանը։
Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից զորամասերում և զինվորական կրթական հաստատություններում բացված 8-րդ համակարգչային լսարանն է։ Բացման պատիվը վերապահված էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Ռազմական ինստիտուտում համակարգչային լսարանի բացումը կատարվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Ուսանողության միջազգային տոների առթիվ երիտասարդական հիմնադրամը նվեր է պատրաստել նաև ռազմական կրթություն ստացող ուսանողների համար։ «Սա մեր փոքրիկ պարտքն է ՀՀ զինված ուժերին։ Իր հնարավորությունների սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ տարբեր ծրագրեր է իրականացրել հայոց բանակում։ Երիտասարդական հիմնադրամը շարունակելու է զինվորական ուսումնական հաստատություններում և զորամասերում նման լսարանների հիմնումը»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ նորաբաց լսարանն ինստիտուտի սաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։ Առաջիկայում լսարանը կհարստացվի նաև էլեկտրոնային գրադարանով։
