Վահե Ղուկասյանի պաշտպանի բողոքը քննվեց նաև դատարանի նորացված կազմով
Փաստինֆոն գրում է.Գյումրիի «հակամարտության» գործով ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքն այսօր քննվեց մեկ դատավորի մասով նոր կազմով:
Գործը քննող դատական կազմում փոփոխություն է տեղի ունեցել. դատավորի համար սահմանված տարիքը լրացած լինելու հիմքով դատավորի գործունեությունը դադարեցրած Եվա Դարբինյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանն ամբողջությամբ պնդեց իր վերաքննիչ բողոքը՝ հարկ չհամարելով նորից նույն ծավալով ներկայացնել 26 թերթ կազմող իր վերաքննիչ բողոքը, սակայն նորից անդրադարձավ իր բողոքի հիմնական փաստարկներին:
Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ անտրամաբանական ու անհիմն է մեղադրող կողմի պնդումը, թե Վահե Ղուկասյանը շրջել է Գյումրիի փողոցներով՝ գործով տուժող Հարություն Խաչատրյանին գտնելու ու սպանելու համար:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավճռում էլ արձանագրվում է՝ «գործով չպարզված շարժառիթով»: Ըստ պաշտպանի՝ կարիք չկար տուժողին փողոցներով փնտրել. նրա բնակության վայրը բոլորին հայտնի էր:
Ըստ պաշտպանական կողմի՝ այդ հանգամանքը ժխտվում է ամբաստանյալի ցուցմունքով և հերքվում գործի նյութերով՝ ամբաստանյալը հանդիպման մասին պայմանավորվել էր մի մարդու հետ, հանդիպել նրան, ապա նրան իր մեքենայով «հասցրել գործի տեղ»:
Պաշտպանական կողմը վիճարկում է նաև մեղադրող կողմի ու դատարանի պնդումը, թե առաջինը Վահե Ղուկասյանն է կրակել՝ առաջինը հակառակ կողմն է կրակել:
Առաջին ատյանի դատարանն անարժանահավատ է համարել վերջինի մասին վկայող թվով 7 վկաների դատաքննական ցուցմունքները՝ առանց վերլուծելու, առանց հիմնավորելու, զուտ պիտակավորելով վկաներին, ովքեր, ըստ դատարանի, «իրենց հովանավորության տակ են վերցնում Վահե Ղուկասյանին»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
