Վահե Ղուկասյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց
Գյումրիի «հակամարտության» գործով ամբաստանյալ, Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքն այսօր մերժվեց:
Վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 22-ի դատավճիռը, որով Վահե Ղուկասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք կրելը, և դատապարտվել 17 տարվա ազատազրկման:
Գործը վերաքննիչ դատարանում քննվում էր ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքի հիման վրա: Պաշտպանը միջնորդում էր Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի երեք հոդվածներից երկուսում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նրան ճանաչել անմեղ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ նշանակել առավել մեղմ պատիժ:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել էր շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չէր կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել էր Արտյոմ Կարապետյանին, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով։ Զինված միջադեպը տեղի էր ունեցել «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի տան մոտ։
