Վահեն կացնի բութ մասով խփել է իր մորն անպարկեշտ առաջարկ անող տղամարդու գլխին և թափել ատամները
1in.am-ը գրում է. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Վահե Մ.-ի գործի դատական քննությունը:
26-ամյա Վահեն մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 23-ին իր տանը Վահեն կացնի բութ մասով մեկ հարված է հասցրել տուժող Հ. Հ.-ի գլխի գագաթային շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ գլխի գագաթային ներհրված կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղում:
Գործով իրեղեն ապացույցների շարքում հանցագործության գործիք կացնի հետ միասին առկա են տուժողի «5 ատամից բաղկացած ատամնաշարը», ինչպես նաև մոխրամանի, ճենապակե բաժակի ու կավե ջարդված սպասքի կտորները:
Բացի տուժողի գլխին հասցրած կացնի մեկ հարվածից՝ Վահեն նաև ոտքով հարվածել ու թափել է տուժողի հինգ ատամները, որոնք էլ ճանաչվել են իրեղեն ապացույց…
Սակայն ի սկզբանե տուժող տղամարդուն՝ 50-ն անց Հ. Հ.-ին, Վահեն իրենց տանը հարգանքով է ընդունել:
Հ.Հ.-ն խոստացել է, որ աշխատանք կառաջարկի Վահեին ու նրա մայրիկին: Բայց նա Վահեի տանը, Վահեի սեղանի մոտ անպարկեշտ առաջարկ է արել Վահեի մայրիկին…
Վահեն էլ տեղնուտեղը վերցրել է կացինը ու բութ մասով հարվածել է անպարկեշտ «բարեգործի» գլխին…
Վահեն ինքն է շտապօգնություն ու ոստիկանություն ահազանգել: Հենց նույն օրը Վահեին բերման են ենթարկել, ապա արգելանքի տակ են առել…
Նախաքննության ընթացքում Վահե Մ.-ի նկատմամբ կատարվել է դատահոգեբանական փորձաքննություն: Դեպքի պահին, համաձայն եզրակացության, Վահեն ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել, սակայն նա հանցավոր արարքը գործել է տուժողի հակաբարոյական վարքագծի պատճառով, հուզական լարվածության վիճակում:
Դատարանում Վահեն ասաց, թե միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի, սովորել է գեղագիտության ազգային կենտրոնի կիրառական արվեստի խեցեգործության բաժնում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
